Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհուրդը Խաչվերացի տօնը պատեհ առիթ համարելով, կիրակի սեպտեմբերի 11-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում կազմակերպեց մկրտութեան հաւաքական արարողութիւն, ուր մկրտւեցին թեմիս երեք փոքրիկ զաւակներ:
Արարողութիւնը կատարւեց նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցականաց դասի: Խաչքաւորութեան պարտականութիւնն ստանձնել էին արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանն ու կիսասարկաւագ Սեւադա Իսաղուլեանը:
Աւարտին թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը գովեստի խօսք ուղղելով թեմի ազգային իշխանութեանը՝ ի մասնաւորի Կրօնական խորհրդին՝ այս նախաձեռնութեան իրականացման համար, շնորհաւորեց եւ քաջալերեց նոր մկրտւած փոքրիկների ծնողներին, ովքեր ընդառաջելով հաւաքական այս արարողութեանը իրենց երեխաների մկրտութեամբ բազմացրին Քրիստոսի զինւորների շարքերը: Նա նաեւ գնահատանքի խօսք ուղղեց թեմի եկեղեցականաց դասին՝ ի մասնաւորի քահանայ հայրերին: Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը ցանկանալով, որ ընտանիքները լինեն բազմազաւակ, կոչ արեց բոլոր ծնողներին իրենց զաւակների մկտութիւնը կազմակերպեն վաղ մանուկ հասակում:
Թղթակից (Նոր Ջուղա)