Քրիստոսի հետ ապրած, Նրա երկրաւոր կեանքի բոլոր դրւագներին հաղորդակից դարձած, Նրա ուսուցումները լսած ու հրաշքներին ականատես եղած աշակերտների համար խորապէս ցնցիչ դէպք էր Քրիստոսի յարութիւնը։ Նրանք տակաւին չէին կարողացել լիովին ըմբռնել յարութեան խորհուրդը։ Յարութեան դէպքից որոշ ժամանակ յետոյ միայն, առաքեալներն սկսեցին հասկանալ ու Քրիստոսի հետեւորդներին բացատրել յարութեան դէպքի իւրայատուկ նշանակութիւնը՝ յատկապէս շեշտելով նրա առանցքային կարեւորութիւնը քրիստոնեայ մարդու կեանքի մէջ եւ կոչ ուղղելով ապրելու յարութեան խորհուրդն ու իմաստը։

 

          Քրիստոսի յարութեան խորհրդով օծուն այս օրերին, անհրաժեշտ է հետեւեալ կարեւոր յիշեցումները կատարել.-

          - Քրիստոսի յարութիւնը՝  հիմքն է մեր հաւատի:  Պօղոս առաքեալը շեշտակիօրէն հաստատում է եւ յիշեցնում նորադարձ քրիստոնեաներին, թէ՝ եթէ Քրիստոսը յարութիւն առած չլինէր մեր հաւատը պիտի կորցնէր իր հիմքն ու իմաստը (Ա.Կր 15.13-14)։ Յարութիւնն էր, որ Աստծու Որդու ուսուցումների ու հրաշքների եւ ընդհանրապէս Նրա երկրաւոր առաքելութեան իմաստն ու նպատակը պարզեց։ Ա՛րդ, առանց յարութեան կարելի չէ հասկանալ Քրիստոսի մարդեղութիւնը եւ մարդու փրկութիւնը, որի համար աշխարհ էր եկել Աստծու Որդին։

 

          - Քրիստոսի յարութիւնը՝  յաղթանակն է կեանքի։  Կեանքը՝ Աստծու պարգեւը մարդուն, ապականւել էր Ադամի մեղքով եւ նրան յաջորդող սերնդների մարդակենտրոն կենցաղակերպով։ Աստծու Որդին աշխարհ էր եկել այլափոխելու մեղքով ու ապականութեամբ շաղախւած մարդու կեանքը, եւ իրեն օժտելու նոր կեանքով։ Իր խաչով ու յարութեամբ Քրիստոսը յաղթեց մահւան եւ մարդուն պարգեւեց աստւածատուր կեանքը վերստին ապրելու շնորհքը։ Քրիստոսի յարութեամբ, մարդը զինւեց մահից դէպի կեանք ընթանալու հաւատի ու յոյսի զօրութեամբ։ Առաքեալը վկայում է թէ՝ Աստւած մարդուն «Վերստին կեանքի կոչեց Քրիստոսով»  (Եփ 2.5)։ Նոյն առաքեալը նաեւ հաստատում է, թէ իր համար կեանքը Քրիստոսն է։

 

          - Քրիստոսի յարութիւնը՝  հրաւէր է Աստծու հետ հաշտութեան։  Աստւած առաջին մարդուն Իրեն գործակից էր նշանակել, նրան օժտելով բանականութեամբ ու կամքի ազատութեամբ, նրան տալով տիեզերքը կառավարելու եւ առաւել հարստացնելու պարտականութիւնը։ Սակայն, մարդը հաւատարիմ չէր գտնւել իր կոչմանը եւ հեռացել էր Աստծուց։ Աստծու Որդին իր մարդեղութեամբ ու առաքելութեամբ մարդուն մօտեցրեց Աստծուն եւ հայր ու որդու փոխ-յարաբերութեան ուխտը կնքեց Աստծու եւ մարդու միջեւ. առաքեալի բառերով՝ «Աստւած Իր Որդուն մահով մեզ Իր հետ հաշտեցրեց»  (Հռ 5.10)։ Առաքեալն ապա կոչ է ուղղում ասելով՝ «Հաշտւեցէ՛ք Աստծու հետ, որովհետեւ Աստւած մեզ համար մեղքի պատարագ արեց Քրիստոսին»  (Բ.Կր 5.20-21)։

 

          - Քրիստոսի յարութիւնը՝  Ճանապարհ է փրկութեան։ Քրիստոսի առաքելութեան նպատակը անկեալ մարդու փրկութիւնն էր, անառակացած մարդու վերադարձը դէպի իր երկնաւոր Հայրը, մահացած մարդուն նոր կեանք պարգեւելն էր։ Խաչի զօրութեամբ ու յարութեան յաղթանակով Քրիստոսը մարդու առջեւ բացեց փրկութեան ճանապարհը։ Պօղոս Առաքեալն իր կեանքի փորձառութեամբ վկայում է թէ՝ «Կը փրկւենք Քրիստոսի կեանքով»  (Հռ 5.10)։

 

          Ա՛րդ, քրիստոնեայ մարդը կոչւել է ոչ միայն Քրիստոսին դաւանելու՝ որպէս միակ Փրկիչը աշխարհի, այլ՝ մարդու համար խաչով յարութիւն կերտած յարուցեալ Քրիստոսն ապրելու։ Առաքեալը հաստատում է՝ «Ինձ համար կեանքը Քրիստոսն է»  (Փլմ 1.21) եւ աւելցնում է՝ «Ես չէ որ ապրում եմ, այլ՝ Քրիստոսն է, որ ապրում է իմ մէջ»  (Գղ 2.20)։

 

          Ի՞նչ է նշանակում Քրիստոսն ապրե՛լ՝ որպէս կեանքի ուղեցոյց ու նպատակ.

          Քրիստոսն ապրել՝ հաւատարիմ լինելով Աստւածաշնչին, նրա ուսուցումներին ու արժէքներին։

          Քրիստոսն ապրել՝ Նրան մեր մտածումների ու գործերի առանցքը դարձնելով։

          Քրիստոսն ապրել՝ օգնելով կարիքաւորին ու զրկեալին եւ ծառայելով ուրիշին։

          Քրիստոսն ապրել՝ որպէս «Ճանապարհ, ճշմարտութիւն եւ կեանք», ինչպէս Քրիստոսը բնութագրեց Ինքն Իրեն (Յհ 14.6)։

 

          Ա՛յս է քրիստոնեայ լինելու ճշմարիտ կերպը, ճի՛շտ ճամբան։

 

          Ապրում ենք չարով ու չարիքներով լեցուն աշխարհի մէջ։ Շրջապատւած ենք մարդու կեանքից Աստծու ներկայութիւնը հեռացնող տեսանելի եւ անտեսանելի երեւոյթներով։ Բազմաթիւ դժւարութիւններով տիրապետւած է մեր կեանքը։ Չմոռնանք առաքեալի յիշեցումը, թէ՝ Քրիստոսն «Իր անձը տւեց մեր մեղքերի համար, որպէսզի Աստծու՝  մեր Հօր կամքով մեզ ազատի ներկայ չար աշխարհից»  (Գղ 1.4)։ Ա՛րդ, ներկայ ժամանակների դառն պայմանների դիմաց, պէտք է զինւենք Քրիստոսի յարութեան հաւատով ու յոյսով։ Ներկայ փոթորկայոյզ աշխարհի մէջ Քրիստոսը պէտք է ապրենք որպէս մեր կեանքի միակ ուղեցոյցն ու ապաւէնը։

 

          Ա՛յս է Քրիստոսի թափուր գերեզմանից հնչող պատգամը։

 

 

 

 

          Մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Յարութեան տօնի առիթով, եղբայրական ջերմ սիրով ողջունում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, մաղթելով եկեղեցաշէն իրագործումներով երկար գահակալութիւն։ Ողջունում ենք նաեւ Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան Արք. Մանուկեանին եւ Թուրքիոյ Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Սահակ Արք. Մաշալեանին, իրենց մաղթելով բեղմնաւոր ծառայութիւն Հայ Եկեղեցու անդաստանից ներս։

 

          Հայրապետական օրհնութեամբ ու հայրական սիրով ողջունում ենք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Թեմակալ Առաջնորդներին, Հոգեւոր Դասին, Ազգային Իշխանութիւններին, մեր ժողովրդի կեանքի մէջ գործող կազմակերպութիւններին ու միութիւններին եւ մեր հաւատացեալ ժողովրդին։ Աղօթում ենք առ Աստւած, որ Իր երկնային հովանու ներքեւ պահի ու պահպանի Հայաստանն ու Արցախը եւ մեր ազգի սիրելի զաւակներին, որպէսզի կարողանանք, Յարուցեալ Փրկչի յաղթանակով հզօրացած, վերանորոգել մեր կեանքը եւ դիմագրաւել ներկայ ժամանակների բազմազան մարտահրաւէրները։

 

Քրիստոս յարեաւ ի մեռելոց:

Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի։

 

ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

 

 

Սուրբ Զատիկ, 2022 թ.

Անթիլիաս, Լիբանան