Արցախի Նախագահ Արայիկ Յարութիւնեանը շնորհակալագիր է ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին՝ 2021 տարին «Արցախի Տարի» հռչակելու առիթով: Տեղեկանում ենք Արամ Ա. Կաթողիկոսի ֆէյսբուքեան էջից:
Նամակում գրւած է.
Վեհափա՛ ռ Տէր
Արցախում մեծագոյն յուզմունքով ու երախտագիտութեան զգացումով ընդունեցինք այն լուրը, որ Դուք 2021 թւականը հռչակել էք Արցախի տարի: Դա մէկ անգամ եւս վկայում է, որ հայ ժողովուրդը միասնական է ու միակամ թէ՛ ցաւի ու վշտի եւ թէ՛ յաղթանակի պահին` լինի Արցախում, Մայր Հայաստանում թէ Սփիւռքում:
Լիայոյս եմ, որ մենք կը կարողանանք բոլորս միասին, ապաւինելով Աստծոյ զօրութեանը, համատեղելով համայն հայութեան ներուժն ու ջանքերը, յաղթահարել մեր Հայրենիքին պատուհասած այս ահաւոր փորձութիւնը եւս, մէկընդմիշտ շրջել պատմութեան սեւ էջը եւ շարունակել ապրել ու արարել` յանուն մեր նահատակների ու ապագայ սերունդների:
Թոյլ տւէք Արցախի ժողովրդի, իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից շնորհակալութիւն յայտնել Ձեզ` մշտապէս Արցախի կողքին լինելու, ըստ ամենայնի աջակցելու ու սատարելու համար: Մենք բարձր ենք գնահատում Ձեր աստւածահաճոյ ու հայրենանւէր առաքելութիւնն` ուղղւած համազգային խնդիրների լուծմանը, հոգեւոր ու ազգային արժէքների պահպանմանն ու ամրապնդմանը, աշխարհասփիւռ հայութեան համախմբմանն ու բարգաւաճմանը:
Ընդունէք, խնդրեմ, խորին յարգանացս հաւաստիքն ու ջերմ բարեմաղթանքները: Խաղաղութիւն, արեւշատութեան ու ամենայն բարիք Ձեզ, մեր Հայրենիքին ու ժողովրդին: