Ապրիլի 26-ին, ԻԻՀ խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը՝ ընկերակցութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի անդամ Սաքօ Տէր-Յովհաննիսեանի, աշխատանքային այցելութիւն կատարեց Սպահանի Փերիոյ շրջան։ Սկզբում նախ հանդիպում ունեցաւ Ֆերէյդունշահրի՝ գաւառապետի քաղաքական եւ անվտանգութեան գծով տեղակալ պրն. Քազեմիի եւ Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի կազմակերպութեան պատասխանատու պրն. Ջոզիի հետ, որտեղ ներկայ էին նաեւ Բարֆանբար քաղաքի (նախկին Սանգիբարան հայաբնակ գիւղ) քաղաքապետն ու քաղխորհրդի անդամները, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովում Փերիոյ շրջանի պատգամաւոր Ջանի Նազարեանը եւ Փերիայի մշակութային ժառանգութեամբ հետաքրքրւած հասարակագէտ Ռոզիկ Տէր-Յովհաննիսեանը։

 

Վերոնշեալ հանդիպման ընթացքում յատկապէս զրոյց ծաւալւեց՝ Խոյգան գիւղի եկեղեցու եւ Սանգիբարանի (այժմ Բարֆանբար) գերեզմանի բարեզարդման ուղղութեամբ. որոշւեց նաեւ մօտ ապագայում շրջանի չորս գաւառապետերի համադրութեամբ ժողով գումարել՝ կենտրոնական թանգարանի հիմնադրման կապակցութեամբ հարկ եղածը կարգաւորելու համար։

 

Այնուհետեւ Ռոբերտ Բեգլարեանն այցելեց նաեւ Խոյգան գիւղի «Ս. Աստւածածին» եկեղեցի, ուր հերթաբար հանդիպեց գիւղի հայ բնակիչների եւ գիւղապետի հետ՝ ունկնդրելով նրանց մտահոգութիւններն ու դժւարութիւնները։

 

Երեկոյեան պատւիրակութիւնը հանդիպում ունեցաւ նաեւ Բոին-Միանդաշթ քաղաքի գաւառապետի եւ բարձրաստիճան պատասխանատուների հետ, որտեղ քննարկւեցին Բոլորան գիւղին առնչւող խնդիրները եւ մտքերի փոխանակում տեղի ունեցաւ դրանց լուծման ուղղութեամբ:

Թղթակից (Նոր Ջուղա)