Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի խօսքով՝ արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ Իրանը փորձելու է Ադրբեջանի հետ տնտեսական յարաբերութիւնները զարգացնել՝ օգտւելով ստեղծւած հնարաւորութիւններից։ Նա այսպէս ասաց՝ պատասխանելով Tert.am-ի դիտարկմանը, թէ Իրանը փորձ է անում Ադրբեջանի հետ համագործակցել, նախագծեր իրականացնել պատերազմի արդիւնքում Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքներում։ Նա նաեւ այս համատեքստում անդրադարձաւ հայ-իրանական յարաբերութիւնների հեռանկարին։

«Կարծում եմ` ամէն դէպքում, դեռ քաղաքական եւ անվտանգային առումներով Իրանը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւններում վերապահումներ ունենալու է, քանի որ դեռ Ռուսաստանի՝ այս տարածաշրջանում ազդեցութեան հարցը լուծւած չէ՝ նաեւ հաշւի է առնւում այն հանգամանքը, որ պատերազմի ընթացքում Իրանն զգաց, որ շրջանցւեց Ռուսաստանի կողմից, նաեւ թուրքական, ադրբեջանական գործօնի ակտիւացումը, ինչո՞ւ չէ, նաեւ իսրայէլական հետախուզական գործօնների առկայութիւնը Իրանին ստիպում են անվտանգային եւ քաղաքական առումով ինչ-որ լուրջ վերապահումներ ունենալ»,- ասաց նա։

Ռոբերտ Բեգլարեանը նշեց, որ վերջին շրջանում նկատելի է, որ իրանական կողմը նաեւ հայկական կողմին է որոշակի առաջարկներ ներկայացնում, բայց թէ դրանք ինչ արձագանք են գտնում հայկական կողմում, յայտնի չէ։ «Կարծում եմ՝ Իրանը պատրաստ է յարաբերութիւնները շեշտակիօրէն զարգացնել, բայց պէտք է տեսնենք, թէ հայկական կողմն ինչպէս կարձագանքի»,- ասաց նա։

Անդրադառնալով պատերազմի ընթացքում եւ պատերազմից անմիջապէս յետոյ Հայաստանի եւ Իրանի համագործակցութեանն անվտանգային ոլորտում՝ իրանահայ պատգամաւորը նշեց, որ պատերազմի ընթացքում դա առանձնապէս չնկատւեց։

«Անկախ նրանից, թէ դա որքանով կարող էր արդիւնաւէտ լինել, այնուամենայնիւ, կարծում եմ, որ նման հակագործակցութիւն կարող էր լինել, շփումների առումով հայկական կողմը կարող էր աւելի ակտիւ լինել»,- ասաց նա։

Հիմա էլ պարզ չէ, ըստ նրա, թէ ինչ կերպ են զարգանում հայ-իրանական յարաբերութիւնները տարբեր ոլորտներում։ «Ամէն դէպքում, տրամաբանում եմ, որ նման մի բան երկուստեք պէտք է լինի։ Տարածաշրջանում դերակատարումները փոխւում են, հետեւաբար Իրանն ու Հայաստանն էլ պէտք է համագործակցութեան նոր ձեւաչափեր ստեղծեն ամէն ոլորտում՝ քաղաքականից մինչեւ տնտեսական։ Բնականաբար նախնական պէտք է լինի այն, որ շփումները բոլոր ոլորտներում ակտիւանան, եւ եթէ ինչ-որ մութ կէտեր, չպարզւած հարցեր կան, շփումների արդիւնքում պարզաբանւեն, մինչեւ դրանք գործնական քայլերի վերածւեն»,- ասաց նա։

Ակտիւ շփումների արդիւնքում, Ռոբերտ Բեգլարեանի խօսքով, միանգամայն հնարաւոր կարելի է համարել, որ Իրանը պատերազմից յետոյ կը դառնայ Հայաստանի վստահելի գործընկերը։

«Կարող են եւ պէտք է որ թէ՛ Հայաստանը, թէ՛ Իրանը միմեանց համար այդ դերակատարութիւնը ունենան եւ վերաորակաւորեն յարաբերութիւնները։ Միշտ էլ բարձրաձայնւել է, որ երկու երկրների քաղաքական յարաբերութիւնները բարձր են, իսկ տնտեսականը բաւարար մակարդակի վրայ, բայց գործականում տեսնում ենք, որ արդիւնաւէտութիւնը չունեն, դրա համար թէ՛ խնդիրների ճանաչում պէտք է լինի, թէ ապագայի նոր ծրագրեր։ Իսկ դրա համար, ինչպէս ասացի, ակտիւ շփումներ են պէտք եւ ոչ միայն ամենաբարձր մակարդակներում։ Խորհրդարանական մակարդակոում էլ դրանք կարող են լինել։ Մօտ մէկ տարի է՝ Իրանի խորհրդարանի նոր նստաշրջանը մեկնարկել է, բայց դեռ չենք յաջողել սերտ յարաբերութիւններ զարգացնել մեր գործընկերների հետ տարբեր պատճառներով։ Պէտք է բոլոր խնդիրները լուծել, ակտիւացնել բոլոր մակարդակներում շփումները։ Անշուշտ, դրա համար պէտք է ամենավերեւներում լինի պետական, կառավարական կամքը, պետական ռազմավարական մօտեցումը, որ ներքեւի շերտերը, օրինակ խորհրդարանականները, կարողանան ինչ-որ քայլեր անել»,- ասաց նա։

 

Հռիփսիմէ Յովհաննիսեան