Իրանական օգնութիւնը՝ արցախահայութեանը հասցնելու աշխատանքը կազմակերպելու նպատակով Թեհրանում, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը երկուշաբթի` հոկտեմբերի 2-ի երեկոյեան հանդիպում են ունեցել Իրանի Կարմիր Մահիկ կազմակերպութեան տնօրէն Փիրհոսէյն Քոլիվանդի հետ: Այս մասին հաղորդում է alikonline.ir-ը։
Հանդիպման ընթացքում Արա Շահվերդեանն ու Նորայր Արամեանն իրենց գնահատանքի եւ երախտիքի խօսքն են ուղղել տնօրէնին, եւ անդրադառնալով արցախահայութեան ճգնաժամային պայմաններին, խօսել են յաւելեալ օգնութիւններ յատկացնելու անհրաժեշտութեան մասին:
Քննարկւել է նաեւ, որ իրանահայութեան եւ ազգային իշխանութիւնների կողմից հաւաքւող օգնութիւնները եւս Կարմիր Մահիկի համագործակցութեամբ ուղարկւեն Հայաստան: Կարմիր Մահիկի կողմից առաջարկւել է նաեւ, որ իրենց կողմից արտադրւող ադիալները, որոնք շատ մատչելի են, ներառւեն օգնութիւնների մէջ:
Յատկանշական է, որ հանդիպմանը, պէտք է ներկայ լինէր նաեւ Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, սակայն Նոր Ջուղայում ի զօրակցութիւն Արցախի կազմակերպւած համայնքային հաւաքին ներկայ լինելու պատճառով, պատգամաւորը բացակայ էր Կարմիր Մահիկ կազմակերպութեան տնօրէնի հետ հանդիպմանը: