Իրանը փորձում է Հայաստանի հետ համագործակցութիւնը զարգացնել այնպէս, որ չվնասի Ռուսաստանի շահերին, սակայն միջանցքի կամ Հայաստանի սահմանների հարցում Իրանի դիրքորոշումն անսասան է: Այս մասին սեպտեմբերի 27-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրոյցում ասել է Իրանի խորհրդարանի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը։
«Մինչ այժմ Իրանը ցոյց է տւել, որ իր համար այս տարածաշրջանի աշխարհագրական դիրքն այնքան լուրջ նշանակութիւն ունի, որ Թեհրանը չի գայթակղւել որեւէ առաջարկով, որը կարող էր արւել տարբեր մակարդակներում բանակցութիւնների ընթացքում։
Հնարաւոր է, որ դեռ առաջարկներ լինեն, այդ թւում՝ Ռուսաստանից, սակայն Թեհրանը կարեւոր է համարում Հայաստանի միջոցով դէպի հիւսիս մուտքը, յատկապէս հաշւի առնելով Կովկասի մեծացած դերը Մերձաւոր Արեւելքի հետ կապերի առումով: Ուստի Հայաստանի տարածքային ամբողջականութեան եւ անկախութեան պահպանումը կարեւոր գործօն է Իրանի համար»,- ընդգծեց պատգամաւորը։
Նա նշեց, որ Ռուսաստանը՝ որպէս գերտէրութիւն, միշտ մտածել է սեփական շահերն առաջ տանելու մասին եւ դա համարել է առաջնահերթութիւն։
«Պարզ է, որ Ռուսաստանը կը փորձի իր օգտին օգտագործել այն երկրների գործօնը, որոնք նախկինում եղել են ռուսական պետութեան կազմում կամ նրա ազդեցութեան ուղեծրում։
Նոյնիսկ 44-օրեայ պատերազմի ժամանակ Իրանը կարծում էր, որ ինչ-որ չափով Ռուսաստանը թոյլ է տւել, որ իրադարձութիւնները զարգանան այնպէս, ինչպէս դրանք զարգացան՝ ելնելով իրենց նպատակներից։ Իսկ այդ ժամանակ ռուս-ուկրաինական պատերազմ դեռ չկար։
Իրանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական յարաբերութիւններն աւելի են սերտացել՝ հաշւի առնելով, որ երկու երկրներն էլ գտնւում են պատժամիջոցների տակ, սակայն կողմերից իւրաքանչիւրն ունի իր վերապահումները»,- յաւելեց Բեգլարեանը։