Կապանի մօտակայքում ադրբեջանական ոստիկանութեան կողմից իրանական բեռնատարները կանգնեցնելը եւ գումար գանձելը գուցէ հայ-իրանական յարաբերութիւններում քաղաքական խնդիրներ չառաջացնեն, բայց շատ հաւանական է՝ տնտեսական խնդիրների պատճառ դառնան։ Factor.am-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը։ Այս մասին տեղեկացնում է alikonline.ir-ը:
«Իրանը շատ լաւ տիրապետում է, թէ ինչ իրավիճակ է հիմա տիրում տարածաշրջանում, այդ պատճառով դժւար թէ քաղաքական խնդիրներ լինեն։ Բայց երբ մեծ քանակով բեռնատարներ կանգնեցւեն, աւելորդ գումարներ գանձւեն, արդէն երկու երկրների համար էլ տնտեսական վնաս կարող է լինել։ Դա կը նշանակի, որ հնարաւոր է, որ հետագայում Իրանից ապրանքներն աւելի դժւար ու թանկ հասնեն Հայաստանի խորքեր, Երեւան, իսկ դա կազդի ապրանքների գների վրայ»,- ասաց նա։
Ռոբերտ Բեգլարեանը նկատեց, որ նախկինում էլ իրանական բեռներ փոխադրող ընկերութիւնները դժգոհում էին Հայաստանի ճանապարհներից եւ գանձւող գումարից, նախընտրում էին այլ ճանապարհներով տեղախոփել իրենց բեռները։
«Ստեղծւած իրավիճակը կարող է նորից հող ստեղծել եղած դժգոհութիւնների համար»,- ասաց նա։
Ըստ իրանահայ պատգամաւորի՝ 44-օրեայ պատերազմից յետոյ ստեղծւած իրավիճակի առնչութեամբ պէտք էր քննարկումներ վարել Իրանի հետ։
«Յատկապէս եթէ Հայաստանն ինչ-որ ծրագրեր ունէր Ադրբեջանի հետ սահմանագծման եւ սահմանազատման հարցերով, անկախ նրանից, թէ երկրի ներսում ինչ-որ բաներ ասւելու էին, թէ գաղտնի էին մնալու, Իրանը, որպէս վստահելի գործընկեր, աւելի տեղեկացւած պէտք է լինէր գործընթացներից։ Իրանն ինքն էլ կարող էր օգտակար լինել Հայաստանին՝ ինչ-որ խոչընդոտներ վերացնելու հարցում։ Գուցէ Հայաստանը կարողանար օգտւել Իրանի դիւանագիտական հնարաւորութիւններից Ադրբեջանի հետ յարաբերութիւններում, եւ բոլոր երկրները ստանային մաքսիմալը գործընթացներում»,- ասաց նա՝ նշելով, որ գուցէ արդէն եղած իրավիճակն իրանական կողմում դժգոհութիւն առաջացնի, բայց դա դժւար թէ վրդովմունքի դրսեւորման պատճառ դառնայ։
Նա նշեց նաեւ, որ պարզապէս լաւ կը լինէր, որ Հայաստանը, որպէս գործընկեր, բաց եւ համագործակցային գործէր։
«Նման իրավիճակներում է, որ երեւան են գալիս յարաբերութիւններում փոխըմբռնման եւ վստահութեան մակարդակները»,- ասաց նա։
Անդրադառնալով Դուշանբէում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռէյիսիի միջեւ կայացած հանդիպմանը՝ Ռոբերտ Բեգլարեանը նշեց, որ յուսադրող է այն, որ Իրանի նախագահը նշել է՝ պէտք է աշխատանքային խումբ ստեղծել՝ աւելի արագացնելու երկու երկրների միջեւ համագործակցութեան սերտացումը։
«Կարծում եմ՝ ուշացած բաներ շատ կան։ Բայց, ի վերջոյ, ներկայ իրավիճակը սա է, եւ պէտք է փորձել եղած պայմաններում ամենաարագ ձեւով համագործակցութեան ձեւաչափեր գտնել եւ այս իրավիճակից դուրս գալ, յետոյ նաեւ՝ զարգացնել յարաբերութիւնները եւ հնարաւորութիւն ունենալ յարաբերութիւններում անել ամրագրումներ, որ արտաքին գործօնները չեն ազդելու երկկողմանի յարաբերութիւնների վրայ»,- ասաց նա։
Նրա կարծիքով՝ հայ-իրանական յարաբերութիւններում խնդիրները կանխելու ուշացումներն առաւել շատ պայմանաւորւած են նրանով, որ ամէն ինչ շատ արագ է զարգանում։
«Գուցէ դիւանագէտները չեն հասցրել համապատասխան հակազդեցութիւն ցոյց տալ։ Երկու երկրների դիւանագէտները պատերազմից յետոյ պէտք է կարողանային քննարկումներ անել, թէ ինչ հնարաւոր սցենարներ կարող են լինել ապագայում։ Այդ առումով կարող եմ ասել, որ կարծում եմ՝ երկու երկրների դիւանագէտներն էլ զլացել են, թէպէտ գիտեմ, որ Իրանի դեսպանութիւնն անընդհատ փորձել է զեկոյցներով սնել արտգործնախարարութեանը, սպառնալիքները նախանշել, բայց դէ միւս կողմից, դէմ յանդիման ենք եղել ե՛ւ նախագահական ընտրութիւններին, ե՛ւ Իրանի արտաքին քաղաքականութեան բազմաշերտութեանը։ Հէնց դա էլ որոշ հարեւաններ չարաշահեցին»,- նշեց նա։
Խօսելով Իրանի՝ Հայաստանի նկատմամբ ներկայիս դիրքորոշման վերաբերեալ՝ նա մատնանշեց նոր արտգործնախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի մօտեցումը՝ նոր քաղաքականութիւն մշակել Ասիայի նկատմամբ։
«Ակնկալիք կայ, որ Կովկասի հարցերով էլ Իրանն այսուհետ աւելի լուրջ կը զբաղւի, քան անցեալում։ Սահմանների հարցում էլ Իրանի կարծիքն անզիջում է։ Մի քանի օր առաջ թուրքական լրատւամիջոցում հարցազրոյց էր հրապարակւել ադրբեջանցի պատգամաւորի հետ, որն ասել էր, թէ «Իրանը քարտէզի վրայից ջնջւելու է»։ Երէկ արդէն Արդեբիլ նահանգի աղօթապետը խիստ յանդիմանեց նրան, յստակեցրեց իրանական կարծիքը՝ քանի որ արդէն ռազմական փորձեր են անում Իրանի հետ սահմանին, Իրանը պէտք է յստակ դիրքորոշում ունենայ, սահմանի մօտ վերադասաւորւի, որ անհրաժեշտութեան դէպքում համապատասխան արձագանգի թէ՛ Ադրբեջանին, թէ՛ Թուրքիային»,- ասաց նա։
Իրանի արտաքին գործերի նախարարութեան մամուլի քարտուղար Սայիդ Խաթիբզադէն անդրադարձել էր Իրանը եւ Հայաստանը կապող մայրուղու խնդրին։ Մամուլի քարտուղարն ընդգծել է հարեւան երկրների տարածքային ամբողջականութեան առաջնահերթութեան քաղաքականութիւնը՝ յայտարարելով, որ Իրանը փորձում է հաւասարակշռւած օգտագործել աջակցութիւնն իր հարեւանների նկատմամբ: Պատասխանելով ադրբեջանական կողմից բեռնատարների իրանցի վարորդների ձերբակալման մասին հարցին՝ Խաթիբզադէն նշել է, որ Իրանը հետամուտ է այդ հարցին եւ պահանջել է անյապաղ ազատ արձակել վարորդներին ու պաշտօնատար անձանց հետ հանդիպում՝ խնդրի հիմնական լուծումն ապահովելու համար: