ՀՀ-ն դատապարտում է ահաբեկչութիւնները. ԱԳՆ արձագանքը իրանցի ֆիզիկոս Ֆախրիզադէի սպանութեանը: Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջից:
ԵՐԵՒԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԷՆՊՐԵՍ: Հայաստանը դատապարտում է բոլոր տեսակի ահաբեկչական գործողութիւնները տարածաշրջանում եւ ողջ աշխարհում, նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակ Աննա Նաղդալեանն` ի պատասխան «Արմէնպրես» լրատւական գործակալութեան` իրանցի միջուկային ֆիզիկայի մասնագէտ Մոհսէն Ֆախրիզադէի սպանութեանը Հայաստանի արձագանքի վերաբերեալ հարցի:
«Նոյեմբերի 27-ին Իրանում սպանւել է միջուկային ֆիզիկայի մասնագէտ Մոհսէն Ֆախրիզադէն: Սպանութեանը հետեւել են արձագանքներ Իրանից եւ մի շարք այլ պետութիւններից: Հայաստանը, որպէս Իրանի սահմանակից եւ բարեկամ երկիր, ինչպէ՞ս է արձագանքում իրանցի բարձրաստիճան պաշտօնեայի սպանութեանը» հարցին Աննա Նաղդալեանը պատասխանել է. «Մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում յայտնի իրանցի գիտնական, ԻԻՀ պաշտպանութեան նախարարութեան պաշտպանական նորարարութիւնների եւ հետազօտութիւնների կազմակերպութեան ղեկավար Մոհսէն Ֆախրիզադէի սպանութեան կապակցութեամբ:
Հայաստանը դատապարտում է բոլոր տեսակի ահաբեկչական գործողութիւնները տարածաշրջանում եւ ողջ աշխարհում»: