Աղբիւր՝ www.yerkir.am

 

Իրանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Աբբաս Մուսաւին երէկ Արդեբիլ քաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ կրկնել է, որ Իրանը պատրաստ է միջնորդական դեր ստանձնել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանային զինւած հակամարտութիւնը կարգաւորելու համար. ըստ yerkir.am-ի` յայտնում է Mehr լրատւական գործակալութիւնը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման հէնց սկզբից Իրանը վէճը խաղաղ կարգաւորելու կոչ է արել անմիջապէս, եւ Թեհրանը պատրաստ է նաեւ Ղարաբաղի շուրջ հակամարտութեան կարգաւորման գործում միջնորդ լինել:

«Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը Ղարաբաղեան հակամարտութեան հարցում պարզորոշ է: Իրանն աջակցում է տնտեսական շահերի եւ տարածաշրջանում անվտանգութեան շահերի կիրառմանը: Մենք ցանկանում ենք, որ լարւածութիւնը վերահսկւի, եւ համոզւած ենք, որ, լարւածութիւնը վերահսկելով, շարունակւող հակամարտութիւնները պատերազմի չեն վերաճի»,- ընդգծել է Մուսաւին:

Յիշեցնենք, որ յուլիսի 14-ին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հեռախօսով զրուցել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի հետ (յուլիսի 16-ին պաշտօնանկ է արւել) եւ առաջարկել սահմանին զինւած հակամարտութեան կարգաւորման գործում իր երկրի աջակցութիւնը:

Նաեւ` Իրանի նախագահի աշխատակազմն է գնահատական տւել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը` այն որակելով որպէս սպառնալիք տարածաշրջանի անվտանգութեան համար, որն անհանգստացնում է Թեհրանին: «Հարցի քաղաքական լուծումը, նկատի առնելով երկու երկրների շահերն ու տարածքային ամբողջականութիւնը, ճգնաժամի միակ լուծումն է: Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, առանց վարանման, այդ ուղղութեամբ ցանկացած ծառայութիւն կը մատուցի` հաշւի առնելով նախկինում միջնորդութիւնը եւ բարիդրացիական յարաբերութիւնները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ»,- ասել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին: