Աղբիւր՝ www.yerkir.am
Վարչապետ Նիկոլ Փաշինեանը հեռախօսազրոյց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:
Նիկոլ Փաշինեանը զրոյցի սկզբում Իրանի նախագահին եւ ողջ ժողովրդին շնորհաւորել է Ռամադանի սուրբ տօնի կապակցութեամբ:
Զրուցակիցները տեղեկատւութիւն են փոխանակել կորոնավիրուսի համաճարակի վերաբերեալ իրենց երկրներում տիրող իրավիճակի եւ դրա դէմ պայքարի առումով ձեռնարկւող քայլերի մասին: Նրանք երկուստեք ցաւակցութիւն են յայտնել համաճարակի պատճառով մահացածների համար: Նշւել է մարդկութեանը պատուհասած այս վտանգին դիմակայելու համար միջազգային հանրութեան միասնական ջանքերի գործադրման եւ երկկողմ համագործակցութեան կարեւորութիւնը:
Կողմերը գոհունակութիւն են յայտնել, որ չնայած հաղորդակցութեան ոլորտում ժամանակաւոր սահմանափակումներին, երկու երկրները շարունակում են առեւտրատնտեսական համագործակցութիւնը: Երկուստեք կարեւորւել է այդ ուղղութեամբ յետագայ քայլերի ձեռնարկումը:
Նիկոլ Փաշինեանը եւ Հասան Ռոհանին, մասնաւորապէս, ընդգծել են առեւտրատնտեսական համագործակցութեան նախաճգնաժամային ծաւալների վերականգնման նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկման պատրաստակամութիւնը՝ պահպանելով ստեղծւած իրավիճակով պարտադրւած սահմանափակումները: