Աղբիւր՝ www.alikonline.ir
ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին կրկին անգամ շեշտել է, որ ԼՂ հակամարտութիւնը պէտք է կարգաւորւի խաղաղ բանակցութիւնների միջոցով եւ միջազգային օրէնքների սահմանում: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«Իրանի Իսլամական Հանրապետութեան համար կարեւոր է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ իր յարաբերութիւնները չազդւեն ԼՂ հակամարտութիւնից»,- նշել է ԱԳՆ մամլոյ խօսնակը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այցին Թեհրան, Ղասեմին ասել է. «Ինչպէս բազմիցս եմ նշել, հարեւան երկրների հետ կապւած, Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքականութիւնը պարզ ու յստակ է. հարեւանները մեր արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւններն են: Ցանկացած հարեւան երկրի հետ մեր յարաբերութիւնները ուղղւած չեն միւս հարեւանի կամ երորրդ կողմի դէմ»:
Ըստ նրա՝ ՀՀ վարչապետի այցը Թեհարն եւս պէտք է դիտարկել այդ քաղաքականութեան տրամաբանութեան սահմաններում:
«Իրանն Ադրբեջանի, Հայաստանի եւ մեր միւս հարեւան երկրների կայունութիւնը, անվտանգութիւնը եւ տնտեսական զարգացումը դիտարկում է որպէս աշխարհի այս զգայուն տարածաշրջանի զարգացման բաղադրիչը: Անկասկած մեր ցանկութիւնը հարեւան երկրների միջեւ առկայ խնդիրների կարգաւորումն է: ԼՂ հակամարտութեան հետ կապւած Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքականութիւնը շարունակում է մնալ պարզ, յստակ եւ անփոփոխ: Հաւատացած ենք, որ այս խնդիրը, որը կարող է մեր հարեւան երկրների մօտ որոշակի մտավախութիւնների պատճառ դառնալ, պէտք է կարգաւորւի խաղաղ բանակցութիւնների միջոցով եւ միջազգային օրէնքների սահմանում»,- ասել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը՝ յաւելելով. «Այնպէս, ինչպէս նախկինում, Իրանն այսօր եւս պատրաստ է նպաստել հարեւան երկու երկրներին, հիմնախնդրի խաղաղ կարգաւորման համար»:
Ղասեմին տրամաբանական է համարել «Արարատ» մարզաւանում թեհրանահայութեան հետ Նիկոլ Փաշինեանի հանդիպումը. «Անտրամաբանական ոչինչ չեմ տեսնում «Արարատ» ակումբում ՀՀ վարչապետի եւ Իրանի քաղաքացի իր ազգակիցների հանդիպման մէջ»,- ասել է նա: