Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Յունւարի 17-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականութեան վարչութեան պետ Լևոն Այւազեանն ընդունել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան ռազմական կցորդ Մահդի Վեջդանիին: Հանդիպման ընթացքում քննարկւել են պաշտպանութեան ոլորտում երկկողմ յարաբերութիւնների զարգացման ընթացիկ խնդիրներն ու առաջիկայ անելիքները: Կողմերն անդրադարձել են նաև յունւարի 16-ին ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լէյտենանտ Մոհամմադ Բաղերիի՝ Ադրբեջան կատարած այցին և վերջինիս՝ ԼՂ հիմնահարցի շուրջ արտայայտած դիրքորոշման վերաբերեալ ադրբեջանական մամուլում շրջանառւող տեղեկատւութեանը:
Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ պաշտպանութեան նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Յովհաննիսեանը։
ԻԻՀ ռազմական կցորդը վերահաստատել է բազմիցս արտայայտած Իրանի հաւասարակշռւած դիրքորոշումն արցախեան հիմնախնդրի վերաբերեալ, ընդգծել է, որ այն որևէ փոփոխութիւնների չի ենթարկւել և մամուլում ներկայացւող տեղեկատւութիւնն ու դրա զանազան մեկնաբանութիւններն աղաւաղում են այն: Շեշտելով երկու երկրների միջև առկայ քաղաքական բարձր մակարդակի յարաբերութիւնները, կողմերը վստահութիւն են յայտնել, որ առաջիկայում բարձրաստիճան փոխայցելութիւնների և դրանց ընթացքում տարբեր հարցերի շուրջ պաշտօնական դիրքորոշումներ արտայայտելու բազմաթիւ առիթներ կլինեն:
Այս առումով Լևոն Այւազեանն ու Մահդի Վեջդանին կարևորել են պաշտպանութեան ոլորտում յարաբերութիւնների զարգացումը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունութեան, խաղաղութեան և անվտանգութեան ամրապնդման: