Աղբիւր՝ www.yerkir.am
«alikonline.ir» -ի տեղեկացմամբ` երեկ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ, Կովկասի հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի, Իրան-Հայաստան բարեկամութեան միութեան եւ Իրան-Հայաստան առեւտրի պալատի համագործակցութեամբ կազմակերպւել էր քննարկում՝ «Իրան-Հայաստան յարաբերութիւններ. Առիթներ եւ խոչընդոտներ» թեմայով:
Նախաձեռնութիւնը կոչւած էր վեր հանելու Իրան-Հայաստանի յարաբերութիւնների կարեւորութիւնը, դրանց հեռանկարները, զարգացման միտումներն ու առկայ խոչընդոտները: Երկխոսութեանը մասնակցում էին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշես Թումանեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Կարէն Խանլարեանը, Իրանի ԱԳ նախարարութեան Կովկասի վարչութեան պետ Մոհսէն Ֆաղանին, Իրան-Հայաստան բարեկամութեան միութեան նախագահ Մոհամմադ Ռեզա Դամաւանդին, Կովկասի եւ կենտրոնական Ասիայի հարցերով աւագ փորձագետ Վալի Քուզեգար Քալեջին, «Կովկասի հարցերի ուսումնասիրութեան կենտրոն»-ի տնօրէն Մեհդի Հոսէյնի Թաղիաբադը, «alikonline»-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանը եւ համալսարանի դասախոս, զբոսաշրջութեան ոլորտի մասնագետ Գրիգոր Ղազարեանը:
Ներկաների թւում էին նաեւ ԱԳ նախարարութեան Ռուսաստանի վարչութեան պետ Դեմիրչին, Թուրքիայում եւ Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Բիգդելին:
Աւելի քան երեք ժամ տեւած խիստ հետաքրքիր եւ օգտաշատ քննարկումն ընթացաւ երկու բաժնով: Առաջին բաժնում մասնակիցները հիմնականում անդրադարձան Իրան-Հայաստան քաղաքական եւ տնտեսական յարբերութիւններին, դրանց նշանակութեանը երկու երկրների արտաքին քաղաքականութեան համատեքստում: Անդրադարձ եղաւ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային ուժերի ազդեցութեանը դրանց վրայ: Վերհանւեցին երկու երկրների յարաբերութիւններում առկայ բացթողումներն ու այն խոչընդոտները, որոնք խանգարում են երկկողմ յարաբերութիւնների ընդլայնմանը: Մասնակիցները հայ-իրանական յարաբերութիւնները քննարկեցին նաեւ Հայաստանի 2018 թւականի իրադարձութիւնների եւ իշխանափոխութեան համատեքստում՝ փորձելով ուրւագծել դրանց հնարաւոր զարգացումներն այդ ֆոնին:
Յատուկ անդրադարձ եղաւ ԼՂ հակամարտութեանը, դրա ազդեցութեանը երկու երկրների յարաբերութիւնների վրայ եւ Իրանի դիրքորոշմանն ու դերակատարութեանը հիմնահարցի խաղաղ կարգաւորման գործում:
Անդրադարձ եղաւ նաեւ մեդիա ոլորտի հիմնահարցերին: Մասնակիցները յատուկ կարեւորեցին երկու երկրների ԶԼՄ-ների միջեւ ուղղակի կապի ձեւավորման եւ համագործակցութեան անհրաժեշտութիւնը` նշելով, որ դա մեծապէս կարող է նպաստել երկկողմ յարաբերութիւնների ամրապնդմանը:
Քննարկման երկրորդ բաժինը հիմնականում վերաբերում էր երկու երկրների միջեւ զբոսաշրջային յարաբերութիւններին, առկայ վիճակին, հնարաւորութիւններին ու հեռանկարներին եւ խանգարող հանգամանքներին: Նախ` զեկոյցով հանդէս եկաւ ոլորտի մասնագետ, համալսարանի դասախոս Գրիգոր Ղազարեանը, որից յետոյ ծաւալւեց թեմային վերաբերող քննարկում՝ եզրակացնելով, որ ոլորտն ունի զարգացման մեծ հեռանկարներ եւ ներուժ եւ մեծապէս կարող է նպաստել երկրու երկների առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների ծաւալների կտրուկ աճին:
Նշենք, որ քննարկումը վարում էր Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իվնանէսեանը: