Աղբիւր՝ www.yerkir.am

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴԵԱՆԸ ԽՍՏՕՐԷՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԻՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒԵՆՑԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Խստօրէն դատապարտում ենք Իրանի խորհրդարանի եւ Իմամ Խոմէյնիի դամբարանի վրայ իրականացւած յարձակումները: Մեր համերաշխութիւնն ենք յայտնում Իրանի ժողովրդին:

Էդւարդ Նալբանդեան
ՀՀ ԱԳՆ
 

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԷԿ ՐՈՊԷ ԼՌՈՒԹԵԱՄԲ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԻՒՆ ՅԱՅՏՆԵՑ ԻՐԱՆԻ ԲԱՐԵԿԱՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Հայաստանի Ազգային ժողովը հերթական ընդմիջումից յետոյ նիստը սկսեց մէկ րոպէ լռութեամբ` համերաշխութիւն յայտնելով Իրանի Իսլամական Հանրապետութեան բարեկամ ժողովրդին. Թեհրանում յունիսի 7-ին ահաբեկչութիւններ են տեղի ունեցել:

Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդւարդ Շարմազանովը ցաւով նշեց, որ Իրանի խորհրդարանում եւ Իմամ Խոմէյնիի դամբարանի մօտ ահաբեկչութիւններ են տեղի ունեցել, որոնց արդիւնքում կան տուժածներ: «Մենք տեղեկատւութիւն ստացանք, որ Իրանի խորհրդարանում եւ Իմամ Խոմէյնիի դամբարանի մօտ ահաբեկչութիւններ են տեղի ունեցել, որոնց պատասխանատւութիւնը ստանձնել է «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորումը: Ես կարծում եմ, որ մենք պէտք է դատապարտենք այդ ահաբեկչական ակտերը, մեր համերաշխութիւնը յայտնենք մեր բարեկամ ժողովրդին»,- ասաց Շարմազանովը:

 

Աղբիւր՝ www.yerkir.am

ԿԱՐԷՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԸ ՑԱՒԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՅՂԵԼ ԻԻՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻՆ

Վարչապետ Կարէն Կարապետեանը ցաւակցական հեռագիր է յղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին:

«Խոր վրդովմունքով տեղեկացայ այսօր Իրանի Խորհրդարանում եւ Իմամ Խոմէյնու դամբարանում տեղի ունեցած հրաձգութեան եւ պայթիւնի մասին, որի հետեւանքով զոհւել են մարդիկ եւ կան բազմաթիւ վիրաւորներ: Մենք խստօրէն դատապարտում ենք ահաբեկչութիւնը, որի դէմ պայքարը բխում է բոլորի շահերից:     

Իմ զօրակցութիւնն եմ յայտնում եւ ցաւակցում զոհերի ընտանիքներին ու մերձաւորներին, իսկ տուժածներին մաղթում եմ շուտափոյթ ապաքինում»,-ասւած է ՀՀ վարչապետի ցաւակցական հեռագրում:

 

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՑԱՒԱԿՑԱԳԻՐ Է ՅՂԵԼ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Յունիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցական նամակ է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական յարձակումների հետեւանքով անմեղ զոհերի եւ վիրաւորների կապակցութեամբ:

Ամենայն Հայոց Հայրապետը, դատապարտելով ահաբեկչական գործողութիւնները, հայ եկեղեցու հոգեւոր դասի եւ հաւատացելոց անունից զօրակցութիւն է յայտնել Իրանի բարեկամ ժողովրդին: