Աղբիւր՝ www.alikonline.ir
«alikonline.ir» - ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը բարձր է գնահատում հայ-իրանական յարաբերութիւնները եւ տարածաշրջանում Իրանի դերն ու վարած հաւասարակշիռ քաղաքականութիւնը:
Երեւանում միջազգային երկխօսութեան «Վալդայ» ակումբի արտագնայ նիստի ընթացքում իր ելոյթում ՀՀ պաշտպանութեան նախարարն ընդգծեց, որ Իրանը Հայաստանի անկախութեան առաջին օրերից դրսեւորել է մեծ իմաստնութիւն՝ հաստատելով հաւասարակշռւած յարաբերութիւններ Հայաստանի, այդ թւում՝ տարածաշրջանի երկրների հետ: «Իրանը կարողացել է ցուցաբերել բալանսաւորւած դիրքորոշում արցախեան հիմնախնդրի հարցում՝ մշտապէս առաջարկելով իր միջնորդական առաքելութիւնը եւ առաջնորդւելով միջնորդների առաքելութեանը չվնասելու սկզբունքով»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ պաշտպանութեան նախարարը:
Նախարարը յաւելեց, որ Իրանի նման դիրքորոշմանը կտրուկ կերպով հակասում է Հայաստանի մէկ այլ հարեւան Թուրքիայի դիրքորոշումը: «Թուրքիան ոչ միայն շրջափակման է ենթարկել Հայաստանը՝ փակելով երկաթգծային ճանապարհներն ու պետական սահմանը, որը մեր կարծիքով, 21-րդ դարում անախրոնիզմ է, այլեւ ղարաբաղեան հիմնախնդրի հարցում պրոադրբեջանական դիրքորոշում է որդեգրել»,- յաւելեց Վիգէն Սարգսեանը:
ՀՀ պաշտպանութեան նախարաը կարծիքյ, որ շրջափակման ենթարկելով Հայաստանը եւ փակելով Հայաստանի հետ սահմանը, Թուրքիան ինքն է իզոլացւել Հարաւային Կովկասի տարածաշրջանից: «Չնայած Վրաստանի հետ մտերիմ, իսկ Ադրբեջանի հետ եղբայրական յարաբերութիւններին, Թուրքիային այսօր դժւար է համարել տարածաշրջանային խաղացող»,- եզրափակեց նախարարը: