Աղբիւր՝ www.yerkir.am
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դաւիթ Լոքեանն ընդունել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սեյէդ Քազեմ Սաջադիին: Հանդիպմանը ներկայ էր նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծւիկ Մինասեանը: Ողջունելով հիւրին` նախարարը նշել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ դեռեւս չօգտագործւած ներուժ, համագործակցութեան հեռանկարներ կան եւ այս առումով կարեւորել է երկկողմ տնտեսական կապերի ակտիւացմանն ուղղւած գործնական քայլերի իրականացումը: Կարեւորւել է զբօսաշրջութեան ոլորտում, մասնաւորապէս, գիւղական տուրիզմի ոլորտում համագործակցութեան ծաւալման հնարաւորութիւնը, որպէս օրինակ նշելով ՌԴ կառավարութեան կողմից ֆինանսաւորւող եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարութեան հետ համատեղ իրականացւող «Գիւղական տուրիզմի ինտեգրւած զարգացում» ծրագրի մոդելը:
Դ. Լոքեանը վստահութիւն է յայտնել, որ այս ձեւաչափով համագործակցութիւնը յաջողւած կը լինի նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ: Դեսպան Սեյէդ Քազեմ Սաջադին ողջունել է այս առաջարկութիւնը, նշելով, որ Իրանի նահանգները գիւղական տուրիզմի ոլորտում լաւ փորձ ունեն եւ կարող են լուրջ դերակատարում ունենալ նմանատիպ ծրագրերի իրականացման գործում:
Տեղեկացւել է, որ առաջիկայում իրանական կողմը նախատեսում է նաեւ ուսումնասիրութիւն կատարել Հայաստան-Իրան հատւածում տուրիստական ենթակառուցւածքների ուղղութեամբ, բարձրացնել խնդիրները եւ դրանց լուծումներ տալ: Դեսպանի խօսքով` երկկողմ գործնական քայլերի իրականացումը կարող են նպաստել տուրիզմի զարգացմանը` ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Իրանում:
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաեւ առողջապահութեան ոլորտում համագործակցութեան հնարաւորութիւններին, առեւտրատնտեսական յարաբերութիւնների զարգացմանը, ինչպէս նաեւ առաջիկայում Իրանում կայանալիք ցուցահանդէսին Հայաստանի արտադրողների մասնակցութեանը վերաբերող հարցեր: