Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին «Civilnet»-ին տւած հարցազրոյցում պատասխանել է երկկողմ օրակարգի եւ տարածաշրջանային կարեւորագոյն խնդիրների շուրջ հարցերին։ Այս մասին հաղորդում է «alikonline.ir»-ը։
Այս մասին է տեղեկացրել ՀՀ-ում ԻԻՀ դեսպանութեան տելեգրամային ալիքը: Նշենք, որ հրապարակումը կատարւել է «Civilnet»-ով հարցազրոյցի ամբողջական տեսանիւթը հրապարակւելուց առաջ:
Դեսպան Սոբհանին կտրականապէս հակազդել է Հայաստանով անցնող երթուղիների համար «միջանցք» բառի օգտագործումը եւ յաւելել. «Նման յայտարարութիւնների ստւերում թաքնւած նպատակներ կան։ Մենք աջակցում ենք Հայաստանի անկախութեանը, տարածքային ամբողջականութեանը եւ ինքնիշխանութեանը, եւ դէմ ենք այն ամենին, ինչը կարող է վտանգել նրա միջազգային սահմանները։ «Միջանցք»-ի կիրառման հետ կապւած պէտք է նշեմ, որ քաղաքագիտութեան մէջ դա նշանակում է հաղորդակցութեան երթուղի, սակայն, կարծես, երբ այն առնչւում է Հայաստանին, ստանում է յատուկ իրաւական նշանակութիւն։ Նրանք, ովքեր կրկնում են այս բառը, այն յատուկ իմաստով են օգտագործում, եւ իրենց յայտարարութիւնների ստւերում յետին նպատակներ ունեն»։
Դեսպանի խօսքով՝ Իրանը դէմ չէ հաղորդակցութեան ուղիների վերականգնմանը, սակայն անընդունելի է համարում Հայաստանի վերահսկողութիւնից դուրս ճանապարհների առկայութիւնը։
«Մենք դէմ ենք այն երթուղիներին, որոնք դուրս են Հայաստանի ինքնիշխանութիւնից եւ կասկածի տակ են դնում Հայաստանի անկախութիւնը»,- յստակ ձեւակերպումով ասել է նա։
Մեհդի Սոբհանին մի քանի անգամ ընդգծւած կրկնել է, որ իրանական կողմի կարծիքով՝ անընդունելի է այն ճանապարհը, որն անցնելու է Հայաստանով՝ առանց Հայաստանի վերահսկողութեան կամ նրա ինքնիշխանութիւնից դուրս:
Դեսպանը նշել է. «Հայաստանի հետ մեր սահմանը թէեւ ամենակարճն է, բայց դա լաւագոյն սահմանն է Իրանի համար։ Մեզ երբեք չի սպառնացել Հայաստանը, եւ Հայաստանը երբեւէ վտանգ չի զգացել Իրանի կողմից։ Մեր սահմանը բարեկամութեան եւ փոխշահաւէտութեան օրինակ է։ Հայաստանի համար այն եղել է Իրանի, Պարսից ծոցի եւ հարաւային երկրների հետ հաղորդակցւելու եւ Հնդկաստան ու ազատ ջրեր հասնելու սահման»։
Սոբհանին ընդգծել է, որ Իրանի համար եւս Հայաստանը ճանապարհ է դէպի հիւսիս, Վրաստան, Սեւ ծով եւ հիւսիսային ճանապարհի երկայնքով գտնւող երկրներ։