Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Վերաբացւելու է Անգլիայի դեսպանատունը: Այս մասին, յունիսի 17-ին, յայտարարել է Անգլիայի արտգործնախարար Վիլիամ Հէյգը, ով ելոյթ է ունեցել այդ երկրի խորհրդարանում:

Հէյգը տեղեկացրել է, որ շաբաթ օրը հեռախօսազրոյց է ունեցել դոկտ. Զարիֆի հետ, որի ընթացքում Իրանի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ յարաբերութիւնների կարգաւորման խնդիրը:

Խորհրդարանում Վիլիամ Հէյգը յիշեցրել է, որ դեռեւս 2013 թւականի նոյեմբեր ամսին ինքը Իրանում նշանակել է ժամանակաւոր հաւատարմատար, որի նստավայրը սակայն, Թեհրանում չէր: «Այն ժամանակ ես յատուկ ընդգծեցի, որ այս քայլի նպատակն է աստիճանաբար կարգաւորել ու վերականգնել երկկողմ յարաբերութիւնները՝ Իրանի հետ»,- ասել է Հէյգը:

Նա ասել է, որ անցեալ չորս ամիսների ընթացքում զգալիօրէն ակտիւացել են շփումները՝ երկու երկրների կառավարութիւնների միջեւ, եւ կողմերի մի շարք պաշտօնատար անձինք այցելել են Թեհրան ու Լոնդոն: «Այս այցելութիւնները մեզ հնարաւորութիւն են ընձեռել, որպէսզի կարգաւորենք դիւանագիտական յարաբերութիւնների աստիճանական վերականգնման հարցը»,- յայտնել է Հէյգը:

Ըստ նրա՝ ամբողջ այս ընթացքում Լոնդոնը իրանական կողմի հետ քննարկել է երկու կարեւոր հարց. առաջինը՝ դա եղել է Անգլիայի դեսպանատան եւ դրա աշխատակիցների անվտանգութեան երաշխաւորումը պաշտօնական Թեհրանի կողմից, երկրորդը՝ դիւանագիտական բնականոն աշխատանքների համար անհրաժեշտ մթնոլորտի ձեւաւորումը: «Այնուամենայնիւ, երբեք չենք կասկածել, որ անհրաժեշտ պայմանների առկայութեան դէպքում՝ պէտք է անմիջապէս վերաբացենք Թեհրանում մեր դեսպանատունը»,- շեշտել է Անգլիայի թիւ 1 դիւանագէտը:

Հէյգը նաեւ տեղեկացրել է, որ առաջին փուլում Թեհրանում հաստատւելու են փոքր թւով դիւանագէտներ, որոնք դիմողներին տրամադրելու են հիւպատոսական սահմանափակ ծառայութիւններ: «Դեռեւս, որոշակի ժամանակ Անգլիա մուտքի վիզա ստանալ ցանկացողները ստիպւած են լինելու դիմել այդ երկրի հիւպատոսութիւններին՝ Աբու Դաբիում, եւ Ստամբուլում: Յուսով ենք, որ մօտ ապագայում աւելանայ դեսպանատան աշխատակազմի քանակը, ինչը հնարաւորութիւն կընձեռի՝ ընդլայնելու հիւպատոսական ծառայութիւնները»,- ասել է Հէյգը: