Հինգշաբթի՝ 2020 թւականի դեկտեմբերի 10-ի առաւօտեան, Սպահանի եւ 5-րդ շրջանի քաղաքապետարանների սպասարկող բաժինների տնօրէնները եւ 5-րդ շրջանի Քաղաքապետը, Ազգային առաջնորդարանում հանդիպեցին Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տէր Սիփան եպս. Քէչէճեանի, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի, Թեմական խորհրդի ներկայացուցիչների եւ Ազգային առաջնորդարանի դիւանապետի հետ:
Սրբազան Հայրը հիւրերին բարի գալուստ մաղթելով, շնորհակալական խօսքեր յայտնեց 5-րդ շրջանի քաղաքապետարանին եւ քաղաքային բարեկարգման հիմնարկի պատասխանատուներին, քաղաքի եւ յատկապէս Նոր Ջուղայի շրջանում կատարած բարեզարդման աշխատանքների ուղղութեամբ, որոնցից ակնառու է Ս. Ա. Վանքի եւ «Ս. Բեթղեհէմ» եկեղեցու լուսաւորութիւնը, ինչը մեծ հաճոյք է պատճառում թէ քաղաքացիներին եւ թէ զբօսաշրջիկներին:
Սպահանի քաղաքապետարանի սպասարկող բաժնի տնօրէն դոկտ. Ամիռին, իր գոհունակութիւնը յայտնելով այցի կազմակերպման կապակցութեամբ, բացատրեց, որ քաղաքի տարբեր թաղամասերում՝ քաղաքի բարեկարգման ուղղութեամբ, համահաւասար նախագծեր են իրականացւում, սակայն Նոր Ջուղայի շրջանը, յատուկ ուշադրութեան է արժանանում 5-րդ շրջանի քաղաքապետի կողմից, որպէս զբօսաշրջիկական թաղամաս։ Նա նշեց, որ Նոր Ջուղայի հայկական թաղամասում իրականացւող ամենակարեւոր ծրագրերից է՝ «Մարնան» կամրջից դէպի Նոր Ջուղա բերող ճանապարի քարերով սալիկապատումը:
Հանդիպման շարունակութեան մէջ, Վարուժ Մինասեանը եւս տնօրէններին երախտագիտութեան խօսք յայտնեց՝ Ամանորի ընթացքում Նոր Ջուղայի թաղամասում կատարւած գեղեցիկ ու ճաշակով զարդարանքների համար։ Քննարկւեց նաեւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» մարզամշակութային միութիւնում կանաչապատ տարածքի ստեղծման եւ Ս. Ա. Վանքի դիմացի տարածքի լուսաւորման ու վերանորոգման նախագծերի իրականացումը: Նա նշեց, որ այս տարի, հաշւի առնելով Կորոնա համավարակի տարածումը, որոշում է տրւել որեւէ ամանորեայ զարդարանք չտեղադրել Ս. Ա. Վանքի տարածքում եւ Նոր Ջուղայի թաղամասում, մարդաշատ հաւաքներից խուսափելու նպատակով։
Վերջում խորհուրդը հիւրերին յուշանւէրներ յանձնեց, ապա պատւիրակութիւնն այցելեց «Յովսէփ Արմիթացի» եկեղեցի եւ «Խաչատուր Կեսարացի» թանգարան: