Կիրակի՝ 2020 թւականի սեպտեմբերի 13-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Բեթղեհէմ եկեղեցում, համաճարակի պատճառով վեցամսեայ դռնփակ արարողութիւններից յետոյ, առաջին անգամը լինելով, հաւատացեալ ժողովրդի ներկայութեամբ, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց՝ Քրիստոսի Խաչափայտին նւիրւած տօներից՝ Խաչվերացի առիթով, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի:

Պատարագը մատուցւեց արժ. Տ. Մեսրոպ ա. քհնյ. Գալստանեանի ձեռամբ: Ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը: Արարողութեանը ներկայ էր նաեւ թեմի եկեղեցականաց դասը՝ լրիւ կազմով։

Նախքան օրւայ քարոզախօսութիւնը, Սրբազան Հայրը որպէս սրտի խօսք, փառք տւեց առ Աստւած՝ ամիսներ դռնփակ արարողութիւններից յետոյ հաւատացեալ ժողովրդի ներկայութեամբ Պատարագ կատարելու համար եւ շնորհակալական խօսք ուղղեց օրւայ արարողութեան իրականացման գործում դերակատարներին: Գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն իր քարոզում բացատրութեամբ հանդէս գալով Խաչվերաց տօնի հետ կապւած պատմական իրադարձութեան մասին, անդրադարձաւ հաւատի դերակատարութեանը եւ շեշտեց, որ ինչպէս իւրաքանչիւր պատւանդան գեղեցկացնում, արժեւորում եւ հաստատուն հիմք է հանդիսանում պատկան արձանի համար, նոյնպէս էլ հաւատացեալների հաւատը որպէս Քրիստոսի Խաչափայտի պատւանդան, ոչ միայն գեղեցկացնում եւ արժէք է տալիս նրան, այլեւ հաստատուն հիմք է դառնում Խաչի համար:

Յատկանշական է, որ Նոր Ջուղայի հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան յատուկ դասաւորութեամբ, արարողութիւնը տեղի ունեցաւ առողջապահական բոլոր կանոնների համաձայն:


Թղթակից (Նոր Ջուղա)