Չորեքշաբթի՝ 2020 թւականի սեպտեմբերի 9-ի առաւօտեան, Սպահանի 15-րդ շրջանի նորընտիր ոստիկանապետ՝ հրամանատար Շիռանեանը, նրա տեղակալ՝ Ռէյիսին եւ նրանց ընկերակցող պատւիրակութիւնը Ազգային առաջնորդարանում հանդիպում ունեցան Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տէր Սիփան եպս. Քէչէճեանի, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի, խորհրդի անդամներ Վահիկ Թորոսեանի ու Լորիս Նաւասարդեանի եւ Ազգային առաջնորդարանի դիւանապետ Արիս Դաւթեանի հետ:
Հրամանատար Շիռանեանը նախ խօսքն ուղղելով Սրբազան Հօրը նշեց, որ իր համար մեծ պատիւ է բարձրաստիճան հոգեւորականի հետ հանդիպելը: Այնուհետեւ իր պատրաստակամութիւնը յայտնեց օժանդակելու հայկական թեմին եւ շնորհակալութիւն ու երախտագիտութիւն յայտնեց Թեմական խորհրդին՝ Սպահանի ոստիկանութեան հետ մշտական համագործակցութեան համար:
Սրբազան Հայրը հիւրերին բարի գալուստ մաղթելով, շնորհաւորեց նորընտիր ոստիկանապետին՝ այդ պաշտօնին ընտրւելու առթիւ եւ գնահատանքի խօսք ուղղեց նրան եւ իր գործընկերներին՝ իրենց տարած աշխատանքների եւ հայկական թաղամասի անվտանգութիւնը ապահովելու համար, նշելով, որ իւրաքանչիւր թաղի ժողովրդի համար ամենակարեւորը իրենց թաղի խաղաղութիւնն է:
Ոստիկանապետը մեծ պատիւ համարեց հայերի ներկայութիւնը սոյն թաղում եւ նշեց, որ հայերը ոչ միայն մեծ դերակատարութիւն են ունեցել երկրի տարբեր բնագաւառների զարգացման գործում, այլ նաեւ մասնակից են եղել Իրանի սահմանների ապահով պահպանմանը եւ այդ ճանապարհին նահատակներ տւել:
Երկու կողմերը յոյս յայտնեցին, որ օր առաջ բոլորը միասնաբար կը յաղթահարեն սոյն համաճարակը եւ առողջութիւն կը տիրի աշխարհում:
Վերջում թեմիս անունից յուշանւէր յանձնւեց հիւրերին, ապա խումբը հանդիպեց Պատգամաւորական Ժողովի դիւանի ատենապետ Թաթուլ Օհանեանին եւ փոխ ատենապետ Վազրիկ Վարդանեանին:
Դիւանի հետ հանդիպման ընթացքում քննարկւեցին մի շարք համայնքային խնդիրներ եւ հիւրին տեղեկութիւններ փոխանցւեց Ազգային կառոյցի վարչական համակարգի վերաբերեալ: