Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագիծը Իրանի կառավարութիւնը դեռ չի ներկայացրել Իրանի Մեջլիս: Tert.am-ի հետ զրոյցում այս մասին ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը՝ պատասխանելով հարցին, թէ ինչ փուլում է գտնւում Իրանում Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գօտու ձևաւորման մասին համաձայնագրի վաւերացման գործընթացը:
«Անշուշտ, ընդհանուր քաղաքականութիւնը գործընթացի նկատմամբ դրական է: Կարծում եմ՝ առաջիկայում նախագիծը կը մտնի խորհրդարան: Դրանից յետոյ նոր կը լինի վաւերացման գործընթացը»,- ասաց նա՝ նկատելով, որ երկրի բարձրագոյն մարմինների վաւերացման գործընթացի ուղղութեամբ աշխատանք տանում են:
Դիտարկմանը, թէ Իրանի խորհրդարանում կան նաև ադրբեջանցի պատգամաւորներ, հնարաւո՞ր է՝ նրանք խոչընդոտեն վաւերացման գործընթացը, իրանահայ պատգամաւորը պատասխանեց․ «Ես նման բան չեմ պատկերացնում»:
Յիշեցնենք, որ Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գօտու ձևաւորմանը միտւած ժամանակաւոր համաձայնագիրը ստորագրւել է նախորդ տարւայ մայիսի 17-ին՝ Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում: Արդեն իսկ ԵԱՏՄ 5 երկրից 3-ը՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, վաւերացրել են: ՀՀ-ն, ըստ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրեանի, ԱԺ առաջիկայ նիստերի ընթացքում կը վաւերացնի: