Աղբիւր՝ www.alikonline.ir
ԱՄՆ իշխանութիւնները վերականգնել են Իրանի դէմ պատժամիջոցները, որոնք սառացւել էին Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագրի կայացումից յետոյ:
Նոր պատժամիջոցները հիմնականում թիրախաւորել են Իրանի նաւթարդիւնաբերութեան ոլորտը: Պատժամիջոցների ցուցակի մէջ են մտել 600 անձինք եւ ընկերութիւններ:
Նախօրէին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել էր, որ նոր պատժամիջոցները ամենախիստն են լինելու, որոնք երբեւէ ԱՄՆ-ը սահմանել է Իրանի դէմ: Ըստ նրա՝ դրանք կոչւած են Իրանի տնտեսութեան վրայ կործանարար ազդեցութիւն թողնելու համար:
ԱՄՆ այս քայլին արդէն շտապել է արձագանգել ԵՄ-ն: Տնտեսական հարցերով ԵՄ գլխաւոր յանձնակատար Պիէր Մոսկովիչը յայտարարել է, որ ԵՄ-ը դէմ է ամերիկեան պատժամիջոցներին եւ չի կիսում Վաշինգտոնի այս քայլը:
Ռուսաստանն էլ յայտարարել է, որ պաշտպանում է Իրանին, իսկ Չինաստանն էլ ափսոսանք է յայտնել ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցների վերականգնման կապակցութեամբ:
Փոխարէնը Իսրայէլն իր լիարժէք աջակցութիւնն է յայտնել ԱՄՆ-ին՝ հակաիրանական պատժամիջոցների վերականգնման կապակցութեամբ եւ միջազգային հանրութեանը կոչ է արել սատարել դրանց: