Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թեհրանը եւ Թբիլիսին պայմանաւորուել են Վրաստանին Հայաստանի տարածքով  200 մլն խոր. մ իրանական գազ մատակարարելու շուրջ։ Այս մասին, ըստ ռուսական ՏԱՍՍ լրատուական գործակալութեան, յայտնել է գազի արտահանմամբ զբաղուող` Իրանի ազգային ընկերութեան գլխաւոր տնօրէն Ալիռեզայ Քամելին Թեհրանում Իրանի նաւթի հարցերով նախարար Բիժամ Նամդարի եւ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախայ Կ'ալաձէի միջեւ կայացած բանակցութիւններից յետոյ։ Քամելին տեղեկացրել է, որ պայմանագիրը կողմերի միջեւ կը կնքուի 7 ամսով եւ հիմք կը հանդիսանայ յետագայ համագործակցութեան համար, իսկ գազի մատակարարումները կարող են սկսուել արդէն այս տարուայ մարտի վերջերից։  «Սակայն մինչ այդ Վրաստանը դեռեւս պէտք է ստանայ Հայաստանի համաձայնութիւնը գազի տարանցման հարցում»,- աւելացրել է իրանցի պաշտօնեան։

Ընդամենը մէկ շաբաթ առաջ պաշտօնական Թեհրանից նշում էին, թէ դեռեւս քննարկւում է գազի տեղափոխման երթուղին, որը կարող է անցնել ինչպէս Հայաստանով, այնպէս էլ Ադրբեջանով։ Այն փաստը, որ հիմա խօսւում է մատակարարուելիք գազի կոնկրետ ծաւալների մասին, որն իրականում այդքան էլ մեծ չէ՝ ընդամէնը 200մլն խոր. մ (աւելի վաղ խօսւում էր 500 մլն խոր. մ-ի մասին), վկայում է, որ Իրանը եւ Վրաստանը, կարծես, վերջնականապէս կանգ են առել Հայաստանի տարածքը գազի տարանցման համար օգտագործելու տարբերակի վրայ՝ հրաժարուելով Ադրբեջանի առաջարկից։  Եթէ խօսքը գնում է գազի մատակարարումներն արդէն մարտի վերջերից սկսելուն, ապա սա նշանակում է, որ Հայաստանի ենթակառուցուածքային համակարգը համարւում է պատրաստ` ցանկացած պահի ապահովելու այդ ծաւալով գազի տարանցումը։ Խօսքն առաջին հերթին 288 կմ երկարութեամբ եւ 700 մմ տրամագծով, մինչեւ 2մլրդ խոր. մ թողունակութեամբ Իրան-Հայաստան խողովակաշարի մասին է, որով հիմա Հայաստան է մտնում ընդամենը 370 մլն խոր. մ գազ։

Այսպիսով` կարծես թէ առաջին անգամ Հայաստանը, առայժմ խիստ նախնական, յաղթանակ է տանում Ադրբեջանի նկատմամբ տարածաշրջանային էներգետիկ նախագծերում։ Բաքուն ամէն ինչ անում էր ընդհանրապէս Վրաստանի եւ Իրանի կամ Ռուսաստանի միջեւ յաւելեալ գազամատակարարման հնարաւոր գործարքները թոյլ չտալու համար։ Ապա, թերեւս հասկանալով, որ դա անխուսափելի է, փորձում էր կանխել այդ նախագծերում Հայաստանի  ներառումը։ Ի դէպ, այդ վտանգը դեռեւս վերացած չէ։ Առաջիկայում սպասւում է նախագահ Ալիեւի այցը Իրան, եւ ակնյայտ է, որ եթէ մինչ այդ համապատասխան պայմանագրային հիմքը ստեղծուած չլինի, Ալիեւն այդ այցը ծառայեցնելու է Հայաստանին խաղից հանելու խնդիրը լուծելու համար։ Մինչեւ Թեհրան մեկնելը Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախայ Կ'ալաձեն գտնւում էր Բաքւում, որտեղ, սակայն, չկարողացաւ Ադրբեջանի պետական նաւթային ընկերութեան հետ յայտարարի գալ Վրաստանին մատակարարուող ադրբեջանական գազի սակագինը նուազեցնելու եւ ծաւալները մեծացնելու շուրջ։ Պէտք է ենթադրել, որ  դրանից յետոյ Կ'ալաձեն Իրան է մեկնել Բաքուի կողմից տարանցման կոնկրետ առաջարկներով, որոնք, փաստօրէն, Թեհրանի կողմից մերժուել են։

Նախապատուութիւնը տալով Հայաստանին` Թեհրանը փորձում է հարաւկովկասեան տարածաշրջանում ուժեղացնել նրա դիրքերը եւ Հայաստանի ու Վրաստանի միջոցով իր էներգետիկ ներկայութիւնն ու յաւակնութիւնները հաստատել Հարաւային Կովկասում։ Իրականում այս գործարքը Իրանին լուրջ տնտեսական դիւիդենդներ չի տալիս, որովհետեւ խօսքը գնում է Իրանի պոտենցիալի համեմատ չափազանց փոքր, ուղղակի սիմուոլիկ ծաւալի արտահանման մասին։ Սակայն սա ստատուս քուոն խախտելուն ուղղուած ճեղքում է, որին պէտք է յաջորդեն հարաւկովկասեան երթուղով իրանական գազը եւրոպական շուկաներ հասցնելուն ուղղուած հեռանկարային նախագծեր։

Ուշագրաւ է, որ, չնայած ընդամէնը մօտ մէկ ամսից Հայաստանով Վրաստանին գազ մատակարարելու հնարաւորութեան մասին յայտարարութեանը, Ալիռեզայ Քամելին շեշտում է Հայաստանի համաձայնութիւնը ստանալու անհրաժեշտութիւնը։ Գուցէ խօսքը վերաբերում է զուտ ֆորմալ առումով Երեւանին դիմելու եւ համաձայնութիւն ստանալուն, ի վերջոյ, Իրանից դեռ մէկ շաբաթ առաջ էին պնդում, որ Հայաստանը տարանցման ցանկութիւն է յայտնել։ Սակայն չի բացառւում, որ իրանական կողմն ակնարկում է, այդ հարցում ինքնուրոյն որոշում կայացնելու առումով, Ռուսաստանից Երեւանի կաշկանդուածութիւնը յաղթահարելու խնդիրը։

Յունուարի 25-ին «168 ժամ» պարբերականին տուած հարցազրոյցում ռուսական «Գազպրոմ» ընկերութեան սեփականութիւնը հանդիսացող «Գազպրոմ-Արմէնիայ» ընկերութեան վարչութեան նախագահ-գլխաւոր տնօրէն Վարդան Յարութիւնեանը, պատասխանելով Հայաստանով իրանական գազի տարանցման հնարաւորութեանը վերաբերող հարցին, ասել էր․ «Մենք՝ որպէս ընկերութիւն, շահագրգռուած ենք ինքներս տարանցում անել։ Այսինքն` եթէ ապագայում Վրաստանն ու Իրանը համաձայնութեան գան գազի մատակարարման հարցում, մենք, ինչու՞ ոչ, պատրաստ ենք մեր գազատարն օգտագործել տարանցումն ապահովելու՝ իրանական գազը Վրաստան հասցնելու համար»։ Դժուար է պատկերացնել, որ «Գազպրոմ-Արմէնիայ»-ի գլխաւոր տնօրէնն այս նուրբ ու քաղաքական մոտիւներ ունեցող խնդրի մասին նման պատասխանատու յայտարարութիւն աներ՝ առանց ռուսական կողմի տրամադրուածութեանը կամ գուցէ ՀՀ կառավարութեան եւ «Գազպրոմ»-ի միջեւ քննարկումներին տեղեակ լինելու։ Սա թոյլ է տալիս ենթադրել, որ ռուսական կողմը գուցէ Իրանի ծրագրերը խափանելու անիմաստ ու անհեռանկար կուրսից տեղափոխւում է այդ ծրագրերում, մասնաւորապէս` «Գազպրոմ-Արմէնիայ»-ի միջոցով ներգրաւուածութիւն ունենալու ռացիոնալ հարթութիւն։ Սակայն, հաշուի առնելով Վրաստանին մատակարարուելիք գազի փոքր ծաւալները, չի բացառւում նաեւ, որ տեղի է ունենում ընդամէնը իւրօրինակ գործարք Իրանի եւ Ռուսաստանի միջեւ՝ լուծելու համար Հայաստանին մատակարարուող ռուսական գազի տարանցման վճարի շուրջ «Գազպրոմ»-ի եւ Թբիլիսիի միջեւ առաջացած թնջուկը։

Մէկ բան ակնյայտ է` Իրանի այս ճեղքումը եւ այստեղ Հայաստանին որպէս առաջնահերթ պոտենցիալ գործընկեր դիտարկելն էականօրէն ամրապնդում է Հայաստանի բանակցային դիրքերը նաեւ Ռուսաստանի հետ յարաբերութիւններում։ Դրա վկայութիւնն էին օրեր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամեանի բաւականին թափանցիկ եւ զգալիօրէն կոշտ ակնարկները «Գազպրոմին»՝ գազի սակագինն իջեցնելու պատճառների մասին։ Փետրուարի 4-ին, դիմելով «Գազպրոմ-Արմէնիայ»-ին, վարչապետը, յենուելով հէնց իրանական գործօնի վրայ, յայտարարեց․ «Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանաւորուած` ակնյայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտութիւնը, այլեւ հնարաւորութիւնը»։

Եթէ Հայաստանին յաջողուի դէպի Վրաստան գազի տարանցման հարցում լեզու գտնել Ռուսաստանի հետ եւ ցոյց տալ, որ դա Ռուսաստանի շահերի համար ապոկալիպտիկ նշանակութիւն չունի, ինչպէս պատկերացնում են Մոսկուայում, ապա յաջորդ քայլը պէտք է դառնայ Իրան-Հայաստան երկրորդ ու խոշոր գազատարի շինարարութիւնը։ Այդ ժամանակ Երեւանը վերջնականապէս կչէզոքացնի եւ կ'իմաստազրկի իր նկատմամբ կիրառուող` 25-ամեայ թուրք-ադրբեջանական բլոկադան։ Դրան ուղղուած առաջին լուրջ քայլը 2015թ․ վերջին  Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ հիւսիս-հարաւ էլեկտրաէներգետիկ հզօր միջանցք ստեղծելու համաձայնութիւնն էր։