Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի անդամ՝ Խաչիկ Բաբայանը, տեղեկութիւններ է փոխանցել Իսլ. Յեղափոխութեան յաղթանակի 35-ամեակին նւիրւած միջոցառումներին իրանահայութեան մասնակցութեան մասին։
Երկուշաբթի կէսօրից յետոյ Թեհրանում, իսլամական քարոզչութեան համադրման խորհրդի կենտրոնական շէնքում Իսլ. Յեղափախութեան յաղթանակի 35-ամեակի տօնակատարութիւնների առիթով կայացած մամլոյ ասուլիսում, պրն. Խաչիկ Բաբաեանը ողջունելով «Ֆաջր»ի տասնօրեակը նշել է, որ յաղթութեան տասնօրեակի առիթով, «Արարատ» մարզաւանում կազմակերպւելու են բռնցքամարտի, ֆուտբոլի եւ ֆուտսալի մրցախաղեր, իսկ Չհարմահալ միութիւնում բահմանի 17ին անց են կացւելու բասկետբոլի խաղեր։
Ըստ Թեհրանի թեմական խորհրդի անդամի՝ բահմանի 18-ին Րաֆֆի մարզա-մշակութային համալիրում նոյնպես տեղի են ունենալու բասկետբոլի, ֆուտբոլի, շախմատի եւ բիլիարդի մրցումներ։ Բահմանի 20-ին Նայիրի մարզա-մշակութային միութիւնում կայանալու են ֆուտբոլի գաւաթի խաղեր։
Պրն. Խաչիկ Բաբաեանի տեղեկացմամբ՝ յաղթանակի տասնօրեակի օրերին «Աւետիսեան» ազգային բարեգործական բուժարանում հիւանդների զննումը անվճար է լինելու։ Նա միեւնոյն ժամանակ տեղեկացրել է, որ բահմանի 17-ին փոքրամասնութիւնների նահատակների օրւայ առիթով թեհրանահայերը, նահատակաց հարազատների ուղեկցութեամբ այցելելու են նահատակների շիրիմները, որտեղ Հոգեհանգստեան արարողութիւն է տեղի ունենալու, իսկ յաղթանակի տասնօրեակի վերջին օր բահմանի 22-ին մուսուլման հայրենակիցների հետ համընթաց, իրանահայութիւնը բուռն մասնակցութիւն է բերելու օրւայ շքեղ քայլարշաւին։
Այսօրւայ մամլոյ ասուլիսում Իրանի զրադաշտականների, ասորիների եւ հրեայ համայնքի ներկայացուցիչներն եւս տեղեկացրել են Իսլ. Յեղափոխութեան յաղթանակի 35-ամեակին նւիրւած ձեռնարկներին իրենց համայնքի խուռներամ մասնակցութեան մասին։