Աղբիւր՝ www.hyeli.com

 

1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակւել է որպէս Երիտասարդութեան միջազգային օր:

Այս կապակցութեամբ, շաբաթ օգոստոսի 15-ին, Իրանի Սպորտի եւ երիտասարդութեան նախարարութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ «Աստւածային կրօնների երիտասարդների դերակատարութիւնը Համաշխարհային խաղաղութեան զարգացման գործընթացում» խորագրով համագումար:

Համագումարին ներկայ էին Կրօնական  փոքրամասնութիւնների հարցերում նախագահի օգնական պր. Իւնեսին, Սպորտի նախարար պր.  Գուդարզին, Իրանում ՄԱԿ-ի գրասենեակի ներկայացուցիչ պր. Գարի Լուիզը, պետական պաշտօնեաններ, իսլամական խորհրդարանի կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորներ եւ կրօնական փոքրամասնութիւնների երիտասարդ ներկայացուցիչներ:

Համագումարի սկզբում, Իրանում ՄԱԿ-ի գրասենեակի ներկայացուցիչ պր. Գարի Լուիզը հատւածներ ընթերցեց ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Բան Կի Մունի պատգամից՝ օրւայ առիթով:

Նրանից յետոյ ելոյթներով հանդէս եկան Կրօնական  փոքրամասութիւնների հարցերում նախագահի օգնական պր. Իւնեսին, Սպորտի եւ երիտասարդութեան նախարար պր. Գուդարզին, պետական պաշտօնեաններ եւ երիտասարդութեան ներկայացուցիչները:

Հանդիպմանը, ելոյթով հանդէս եկաւ նաեւ ՀՅԴ Յովնան Դաւթեան Ուսանողական Միութեան անդամ Զօրիկ Կարապետեանը՝ իրանահայ երիտասարդների անունից:

Նա իր խօսքերում նշեց. «21-րդ դարը  իր արագընթաց զարգացմամբ իր գիտական նորօրեայ լայնածաւալ ընձեռած հնարաւորութիւններով հանդերձ, քաղաքակիրթ մարդուն դեռ չի ընձեռել եւ մինչ օրս չի յաջողւել փառատել մարդկութեան հնագոյն խնդիրը այսինքն՝ սանձել ու լուծել «Աշխարհում վայրագութիւններ եւ պատերազմներ» հարցը, փոխարինելով «ազգերի խաղաղ համակեցութեան» արժէքներին: Այսօրւայ աշխարհում խաղաղութեան երեւոյթը, զոհ է դարձել բռնապետների շահերի ագահութեան ու դաւադրանքներին»:

Իրանահայ երիտասարդը իր խօսքերի շարունակութեամբ նշեց. «20-րդ դարի սկզբին՝ կազմակերպւած  աննախադէպ ցեղասպանութիւնը, որը տեղի ունեցաւ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքին, Օսմանեան կայսրութեան միջոցով, նպատակադրելով բնաջնջել Հայ ազգին իր դարաւոր Հայրինքում, վառ եւ թարմ ապացոյցն է անարդարութեան' որը մինչ օրս իր արդար ու պաշտօնական յատուցումը չի ստացել: Մէկ դար անցնելով կատարւած փաստից վառ յիշողութիւններում դրոշմւած ահրելի վայրագութիւնների եւ անարդարութիւնների անպատժելութիւնը, յատուցում չգտած հարցը, ցեղասպանի ուրացումը եւ համաշխարհային ատեանների ու հասարակութեան թերի կամքը առիթ եւ յանդգնութիւն է ընձեռում բռնակալների նոր վայրագութիւններին ու անարդարութիւններին, ինչու չէ նաեւ կրկնւելու այլ  ցեղասպանութիւններ ինչպիսին էին Յոյներին, Այսորիներին և Հրեաներին... եւ այսօրւայ ներկայ մեր պայմաններում այլ ...»:

Նա անդրադառանլով, որ իրանահայութիւնը միշտ լինելով մուսլման եղբայների կողքին նշեց, որ Իրանի հայ համայնքը սպասում  է Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակի սեմին Իրանի Իսլամական Հանրապետութեան կողմից ցեղասպանութեան պաշտօնապէս ճանաչումը ու աջակցութիւնը՝ հայ համայնքին ամոքելու իր խոր վէրքը:

«Իրանի Իսլամական Հանրապետութեան այդ քայլը, որը աւելի քան չորս տասնեակ, պաշտպանել է աչազուրկ ժողովուրդներին եւ միշտ իրաւունքները ոտնահարւած եւ հալածւած ազգերի ու ժողովուրդների կողքին է եղել, կը բարձրացնի ու կամրապնդի այդ երկրի վայել դիրքը միջազգային հասարակական ատեաններում եւ օրինակելի կը դառնայ ազատատենչ եւ պայքարող ազգերի ու ժողովրդների մօտ»,- ասեց իրանահայ երիտասարդ ներկայացուցիչը:

Նա իր խօսքերի վերջում յաւելեց. «Մարդկային խաղաղութիւն եւ բարօրութիւնը, որը  բոլոր կրօնների պատգամն ու հոգևոր առաքելութիւնն է, միմիայն արդարութեան վերականգնումով եւ հաստասումով ձեռք կը բերւի»: