Աղբիւր՝ www.tert.am
Յունիսի 27-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպում է ունեցել Իրանի մշակոյթի եւ իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջաննաթիի հետ, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարութեան մամուլի ծառայութիւնը:
Ողջունելով եւ շնորհաւորելով դեսպան Թումանեանին դեսպանի պաշտօնում նշանակուելու կապակցութեամբ` նախարար Ջաննաթին բարձր գնահատեց հայ-իրանական պատմականօրէն ձեւաւորուած ջերմ յարաբերութիւնները եւ հայկական համայնքի դերն Իրանում:
Ալի Ջաննաթին շնորհակալութիւն յայտնեց հայկական կողմին` Երեւանի Կապոյտ մզկիթը ԻՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգութեան ցուցակում ընդգրկելու ուղղութեամբ ձեռնարկած քայլերի համար:
Դեսպան Թումանեանն իր հերթին շնորհակալութիւն յայտնեց Իրանի տարածքում հայկական հոգեւոր-պատմական մշակութային ժառանգութեան հանդէպ իշխանութիւնների ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:
Նա յաւելեց, որ հայկական կողմը ԻՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Իրանի հետ համագործակցութեան յետագայ զարգացման ներուժ է տեսնում: Դեսպանն ընդգծեց, որ մշակութային կապերի զարգացումը դրական ազդեցութիւն է թողնում հայ-իրանական յարաբերութիւնների բոլոր ոլորտների վրայ: Այս առումով օրինակելի է, որ Հայաստանը, լինելով Իրանի միակ քրիստոնեայ հարեւանը, զարգացրել է սերտ մշակութային յարաբերութիւններ Իրանի հետ: