Աղբիւր՝ www.alikonline.ir

 

«Վստահ ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կը կառուցի հայ-իրանական սահմանին մօտ գտնւող 60 կիլոմետրանոց երկաթգիծը»,- այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը:

Դեսպան Թումանեանը, անդրադառնալով հայ-իրանական երկկողմ նախագծերի իրականացման ընթացքին, նշել է, որ հիւսիս-հարաւ աւտոմայրուղու՝ Վրաստանի սահմանից մինչեւ Մեղրի ընկած հատւածի շինարարութիւնն ընթացքի մէջ է: Հայաստանը կարող է Պարսից ծոցի տարածաշրջանը Վրաստանի տարածքով կապել Սեւ ծովին:

Դեսպանի ասութեամբ՝ նախատեսւում է Իրանի եւ Հայաստանի սահմանին կառուցել մեծ տերմինալ, որի շահագործումը կը նպաստի երկկողմ ապրանքաշրջանառութեան ծաւալների մեծացմանը:

Այն հարցին, թէ ի՞նչն է խոչընդոտում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը՝ դեսպան Թումանեանը նշել է. «Անհրաժեշտ է կառուցել մի քանի հարիւր կիլոմետրանոց երկարութեամբ երկաթգիծ, դրա կառուցման համար միլիարդաւոր դոլարների ներդրումներ են անհրաժեշտ, այն ժամանակ, երբ կը լուծւի ֆինանսաւորման հարցը, այդ ժամանակ էլ այն կը կառուցւի»:

Շարունակելով խօսքը՝ Ա. Թումանեանը յաւելել է. «Վստահ ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կը կառուցի հայ-իրանական սահմանին մօտ գտնւող 60 կիլոմետրանոց երկաթգիծը, սակայն միեւնոյն ժամանակ հասկանալի է, որ Իրանը պատժամիջոցների է ենթարկւած եւ ներկայում դրա կառուցումն իրանցիների համար դժւարութիւն է ներկայացնում»:

Անդրադառնալով Մեղրիի Հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) եւ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարութեանը, դեսպան Թումանեանն ասել է. «Ներկայում երկու երկրների կառավարութիւններն էլեկտրահաղորդման գծի գործարկման եւ ՀԷԿ-ի կառուցման շուրջ բանակցութիւններ են վարում: Դեսպանի ասութեամբ՝ երրորդ էլեկտրահաղորդման գծի շահագործումից յետոյ Հայաստանն Իրանից ներկրւող գազի ծաւալները կը մեծացնի: