Աղբիւր՝ www.alikonline.ir
Իրանում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը յունիսի 8-ին այցելել է իրանական «FarsNews» լրատւական գործակալութիւն եւ ծանօթացել կազմակերպութեան աշխատանքներին, հանդիպել տարբեր ստորաբաժանումների մասնագէտների եւ աշխատակիցների հետ: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարութեան մամուլի, տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, հանդիպումը տեղի է ունեցել դեսպան Թումանեանի եւ «FarsNews»-ի գլխաւոր տնօրէն Սէյէդ Նեզամէդդին Մուսաւիի միջեւ, որին մասնակցել են նաեւ գործակալութեան առաջատար լրագրողները:
Հանդիպման ընթացքում քննարկւել են երկու ժողովուրդների ընդհանուր պատմական անցեալի, խորը մշակութային կապերի եւ երկկողմ միջպետական յարաբերութիւններին առնչւող հարցեր: Առանձնայատուկ անդրադարձ է կատարւել լրատւական բնագաւառում փոխյարաբերութիւնների վիճակին, քննարկւել է արդիւնաւէտ համագործակցութեան հաստատման հնարաւորութիւնը:
Գլխաւոր տնօրէն Մուսաւին պատրաստակամութիւն է յայտնել Իրանում ընդունելու հայկական լրատւական պատւիրակութիւնների՝ Հայաստանում համապատասխան ներկայացուցչութիւն ստեղծելու, առանձին հայկական լրատւական գործակալութիւնների հետ համագործակցելու համար: Նա նաեւ առաջարկել է անհրաժեշտութեան դէպքում օգտւել «FarsNews» լրատւական գործակալութեան հնարաւորութիւններից՝ ի շահ երկու ժողովուրդների բարօրութեան:
Հանդիպման վերջում դեսպան Թումանեանը հարցազրոյց է տւել «FarsNews» լրատւական գործակալութեանը: