Աղբիւր՝ www.armenianradio.am

 

Իսլամական խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները մի հաղորդագրութեամբ դատապարտելով Ի.Լ.Ի.Պ.-ի ոճրագործութիւնները պահանջել են տարածաշրջանը մաքրել այդ սատանայաբարոներից եւ աշխարհում տարածել խաղաղութիւն:

Իրանահայութեան  պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանի եւ Ռոբերտ Բեգլարեանի, ասորիների պատգամաւոր Իւնաթեն Բեթ Քոլեաի, զրադաշտականների պատգամաւոր Էսֆանդեար Էխթիարու եւ հրէաների պատգամաւոր Սիամաք Մօրէ Սեդղի կողմից ստորագրուած հաղորդագրութեան մէջ ասուած է. «Իրանի մեծ ժողովուրդը, որ   եղել է մարդկային պատմութիւնն ու մշակոյթը կերտող ժողովուրդներից եւ կարիք չի զգացել իր ինքնութիւնը ցուցադրելու համար հիմնուել մտացածին ու կեղծ պատկերացումների վրայ, այսօր տարածաշրջանում ու իր հարեւանութեամբ ականատես է լինում ոճրագործութեան որի ծաւալները ոչ միայն զարմանք, այլեւ զզուանք ու զայրոյթ են պատճառում»:

«Մենք ներկայացնելով Իրանի մեծ ու ազնիւ ժողովրդի անբաժանելի մասնիկը համարուող կրօնական փոքրամանութիւնների համայանքը կրկին հընդգծելով մեր միասնականութիւնն Ի.Ի.Հ.-ի  հետ, յայտարարում ենք, որ տարածաշրջանում եւ Իրանի հարեւանութեամբ  Ի.Լ.Ի.Պ. վայրենաբարոյ խմբի ոճրագործութիւններն իրենց գագաթնակէտին հասան 21 եգիպտացի ղպտիների դաժան սպանութեամբ եւ 45 իրաքցիների ողջակիզմամբ: Միեւնոյն ժամանակ Ա.Մ.Ն.-ում երեք մուսուլման երիտասարդների սպանութիւնը վկայում է բարոյական ու հոգեւոր անկումի մասին, որոնք թաքուն ու չար ցանցի նման սպառնում ու թուլացնում են մարդկութիւնը»,-ասուած է հաղորդագրութեան մէջ:

Իրանի կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորներն իրենց հաղորդագրութեան մէջ կրկին դատապարտելով նման ոճրագործութիւնները յոյս են յայտնել, որ աշխարհի ղեկավարներ վերատեսութեան ենթարկելով միմեանց, ինչպէս նաեւ տարածաշրջանի ժողովուրդների ու իշխանաւորների հետ համագործակցութիւնների եղանակը եւ յարգելով Ի.Ի.Հ.-ի միասնականութիւն ու անվտանգութիւն պարգեւող աշխատանքները, լուրջ քայլեր ձեռնարկեն Միջին Արեւելքն  այս ոճրագործներից ու սատանայաբարոներից մաքրելու ուղղութեամբ եւ հող պատրաստեն խաղաղութեան ու զարգացման համար, ինչը բոլոր իրանցիների ցանկութիւնն է: