Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ Ռոբերթ Բեգլարեանն ընդգծել է. «Իրանում փոքրամասնութիւնների կեանքի ճշմարտութիւններն արտացոլելու համար անհրաժեշտ է ստեղծել որոշակի կենտրոն»:

«Մեհր» լրատուական գործակալութեանը տուած հարցազրոյցում, անդրադառնալով Իրանի իսլամական հանրապետութեան դէմ մարդու իրաւունքների վերաբերեալ քարոզչութիւն կատարելու արեւմտեան երկրների անդրկուլիսեան նպատակներին, Ռոբերթ Բեգլարեանը ասել է. «Իմ կարծիքով այդ քարոզչութեան հետեւում բարեկամական նկրտումներ չկան եւ նրանց գլխաւոր նպատակն է խափանել Իրանի իսլամական հանրապետութեան դիմագիծը»:

Անդրադառնալով մարդու իրաւունքների հարցով եւրոպական երկրների եւ Ա.Մ.Ն.-ի պետական քարոզչական կառոյցների հետապնդած յատուկ նպատակներին, Ռոբերթ Բեգլարեանն ասել է. «Այս քարոզչութիւնները չէզոքացնելու համար կարեւորագոյն քայլերից մէկը կարող է լինել անկախ խմբերի Իրան այցելելը եւ մօտիկից կրօնական փոքրամասնութիւնների նպատակասլաց կեանքի հետ ծանօթանալը ՝ յատկապէս աշխատանքի, սպորտի եւ արուեստի ոլորտներում»։ «Ինչ խօսք, նման քայլերը պահանջում են բիւջէ եւ կազմակերպչական լուրջ աշխատանք»,- յաւելել է նա: