Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Յունւարի 26-ին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին իր նախապէս ծրագրաւորւած հանդիպումների շարքում, հանդիպել է նաեւ Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների հետ:

Հանդիպման սկզբում, պատգամաւորներն իրենց երախտագիտութեան խօսքն են յայտնել Իսլ. յեղափոխութեան առաջնորդին՝ համակարգի կողմից կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ ցուցաբերւած յատուկ ուշադրութեան ու հոգատարութեան համար, եւ նրան են յանձնել նամակ-խնդրագիր՝ կրօնական փոքրամասնութիւնների առկայ խնդիրների ու պահանջների վերաբերեալ:

Այաթ. Խամենէին անդրադառնալով Իրանում մուսուլմանների եւ այլ Աստւածային կրօնների հետեւորդների խաղաղ գոյակցութեանը՝ այն համարել է իսլամի ցուցմունքների արդիւնք:

«Իսլամը մեզ ուսուցանել է արդարութեամբ ու յարգանքով վերաբերւել Աստւածային կրօնների հետեւորդների հետ»,- նշել է այաթ. Խամենէին, յաւելելով՝ «Այն ուժերը, որոնք անընդհատ բարձրաձայնում են արդարութեան ու հաւասարութեան մասին, այդպէս չեն վարւում: Նրանք օգտագործելով տեսաֆիլմերն ու քարոզչական այլ միջոցները, հակաքարոզչութիւն են ծաւալում մուսուլմանների դէմ: Այդ երկրներում մուսուլմանները զրկւած են անգամ ֆիզիկական անվտանգութեան զգացողութիւնից»:

Խօսելով Էմամ Ալիի ուսմունքների մասին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նշել է, որ Էմամն իր հետեւորդներին յորդորել է պաշտպանել ոչ-մուսուլման կնոջ պատիւը, որին կը փորձեն անարգել նրա տանը ոտնձգութիւն կատարած թշնամու բանակայինները:

Անդրադառնալով Իրանի նկատմամբ, իրանահայութեան ցուցաբերած յանձնառութեանն ու նւիրւածութեանը, այաթ. Խամենէին յատուկ ընդգծել է, որ իրանահայութիւնը նոյն կեցւածքն է ցուցաբերել նաեւ Իրան-Իրաք 8-ամեայ պարտադրեալ պատերազմի տարիներին. «Յիշում եմ, մի օր, Ահւազի օդանաւակայանում հանդիպեցի իրանահայ արհեստաւորների մի խմբի, որոնք մեկնում էին ռազմաճակատ՝ հոգալու համար ճակատի լոգեստիկ պահանջները»,- յիշել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

Խօսելով հայ եւ ասորի նահատակների ընտանիքներին կատարած իր այցելութիւնների մասին, այաթ. Խամենէին նշել է, որ մշտապէս ականատեսն է եղել նրանց յանձնառու վերաբերմունքին՝ երկրի նկատմամբ:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորներին կոչ է արել արտասահմանում ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետութեան ցուցաբերած հոգատար վերաբերմունքը՝ Աստւածային կրօնների հետեւորդների նկատմամբ:

«Ակնկալում ենք, որ դուք արտասահմանում ներկայացնէք Իսլամական Հանրապետութեան վերաբերմունքը՝ կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ: Քանզի, Իրանում, բացառւած է մուսուլմանի ոտնձգութիւնը՝ ոչ-մուսուլմանին:

Փոխարէնը տեսէք, թէ նէոնացիստներն ինչեր են անում Գերմանիայում: Նոյն վիճակն է նաեւ Միացեալ Նահանգներում: Այդ ամէնը համեմատէք Իրանի հետ: Թէկուզ ամենամոլեռանդ երիտասարդն էլ իրեն թոյլ չի տալիս անարգելու ոչ-մուսուլմանին»,- ասել է այաթ. Խամենէին:

Տեղեկատւութիւնը տրամադրել է Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորների գրասենեակը: