Աղբիւր. www.alikonline.ir
Դեկտեմբերի 14-ին, Թեհրանի Պետական Համալսարանի «Ալլամէ Ամինի» դահլիճում կայացաւ «Աստւածային կրօնների դիրքը՝ իրաւական համակարգերում» ազգային մէկօրեայ համագումարը: Սկզբում համագումարի գլխաւոր քարտուղար դկտ. Ախաւանը խօսեց համագումարի կազմակերպման նպատակների մասին, նշելով որ այդ հարցով հանդիպումներ է կայացել Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների եւ հոգեւոր առաջնորդների հետ՝ համագումարի լաւագոյնս կայացման համար:
Օրւայ առաջին դասախօսն էր Դատական ուժի պետի առաջին տեղակալ հոջ. Ռէիսին: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի Իսլ. Հանրապետութեան Սահմանադրական օրէնքում կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների յարգման մասին առգոյ կէտերին:
Հոջ. Ռէիսին աւելացրեց, որ քաղաքացիական իրաւունքի հիմամբ՝ Իսլ. համակարգում կրօնական բոլոր փոքրամասնութիւնները համահաւասար իրաւունքի տէր են, ասելով. «Քաղաքացիական իրաւունքը համահաւասար է Աստւածային կրօնների բոլոր հետեւորդների համար»։
Յիշեալ համագումարին իր պատգամն էր յղել նաեւ Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արքեպս. Սարգսեանը, որը ներառւել է համագումարի գրքոյկում, եւ այդ կապակցութեամբ համագումարի նախագահութիւնն իր շնորհակալութիւնը յայտնեց: Համագումարին ելոյթով հանդէս եկաւ արժն. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը. նա խօսեց Իրանում կրօնական փոքրամասնութիւնների, ի մասնաւորի՝ հայ համայնքի վայելած արտօնութիւնների մասին՝ հակիրճ բացատրութիւններ տալով նաեւ համայնքի մասին:
Համագումարը շարունակւեց մինչեւ երեկոյ եւ ներկայացւեցին բազմաթիւ յօդւածներ: