Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ի.Ի.Հ.-ի նախագահ Հասան Ռոհանին Իրանի եւ աշխարհի քրիստոնեաներին շնորհաւորել է Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Ամանորեայ տօների կապակցութեամբ:

Ռոհանին շաբաթ օրը յղած ուղերձում ընդգծել է, որ ժամանակակից աշխարհն առաւել քան երբեւէ զգում է աստուածային մարգարէների խաղաղութեան, արդարութեան ու ազատութեան պատգամի կարիքը:

«Իսլամ ու քրիստոնեայ մտաւորականութեան պարտականութիւնն է մարդկանց ծանօթացնել աստուածային հոգեւոր պատգամին եւ դիմակայել Աստծոյ կրօնի կոպիտ աղաւաղմանը»,- ասել է Ի.Ի.Հ.-ի նախագահը:

«Իր ժողովրդի փրկիչ Քրիստոսի միջոցով բոլոր ժողովուրդների առջեւ բացուած ուղին, Աստծու մարգարէների մշտական ուղին է: Դա այն ուղին է, որ աստուածային շնորհների յարատեւման կանոնի համաձայն, իսլամի մեծայարգ մարգարէ Մոհամմեդի միջոցով շարունակուեց ու կատարելագործուեց»,- նշուած է Ի.Ի.Հ.-ի նախագահի ուղերձում: