Աղբիւր՝ www.armenianradio.am
Հայաստան-Իրան, կամ ինչպէս պաշտօնապէս կոչւում է` հիւսիս-հարաւ երկաթուղին, ի վիճակի կը լինի լուծել մի շարք քաղաքական եւ տնտեսական խնդիրներ: Իրավիճակն ինչպէս Իրանի, այնպէս էլ Հայաստանի համար կարող է հիմնովին փոխուել Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման դէպքում:
Առաջին հերթին դա իրանական կողմին հնարաւորութիւն կը տայ էապէս մեծացնել բեռնափոխադրումներից ստացուող եկամուտները:
Հիւսիս-հարաւ երկաթուղին թոյլ կը տայ հայկական կողմին օգտուել էներգակիրների եւ այլ ապրանքների տեղափոխման այլընտրանքային ճանապարհից ՝ արտաքին աշխարհ ելքով։
Երկաթուղին եթէ կառուցուի, իսկապէս հնարաւորութիւն կը ստեղծուի առաջ շարժուելու ոչ միայն դէպի արեւելք ու հարաւ, այլեւ՝ հիւսիս ու արեւմուտք ուղղութիւններով: Այն Հայաստանի համար կարող է դառնալ ռազմավարական, եթէ հաշուի առնենք, որ Հայաստանն արտաքին աշխարհի հետ երկաթուղային հաղորդակցութիւն ունի միայն Վրաստանի տարածքով:
Փաստօրէն, նոր երկաթուղին յաւակնում է դառնալ այլընտրանքային ճանապարհ՝ Հայաստանի էներգառեսուրսներն ու այլ ապրանքները տեղափոխելու համար:
Այս հեռանկարը, բնականաբար, կը յանգեցնի ինչպէս Հայաստանի արտադրանքի արտահանման, այնպէս էլ ներկրման ծաւալների բազմակի մեծացմանը: Բանն այն է, որ ներկայումս՝ թուրք-ադրբեջանական շրջափակման պայմաններում, Հայաստանի երկաթուղային կապն այլ երկրների հետ` ապահովուում է միայն Վրաստանով (Այրում-Սադախլու), որով իրականացւում է հիմնական բեռների հոսքը դէպի Վրաստանի եւ սեւծովեան նաւահանգիստներ, յետոյ էլ` լաստանաւով Ռուսաստան եւ Ուկրաինայ:
Ակներեւ է, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը պէտք է հետաքրքրի Ռուսաստանին, հաշուի առնելով Ռուսաստանում ստեղծուած ներկայիս իրավիճակը, ինչպէս նաեւ Հայաստանում ներկայացուած ռուսական բազմաթիւ կազմակերպութիւնների առկայութիւնը:
Բացի այդ, Հայաստանում գործող «Հարաւ-կովկասեան երկաթգիծ» Փ.Բ.Ը.-ն ռուսական երկաթգծի դուստր ձեռնարկութիւնն է, որն իրագործում է հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը:
Ուշագրաւ է, որ շաբաթնէր առաջ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամեանը յայտարարեց, որ Հայաստանի կառավարութիւնը շարունակում է Իրան-Հայաստան երկաթուղու համար ներդրումներ կատարողներ որոնել:
«Ինչպէս գիտէք, այդ ծրագիրը շատ կարեւոր է Հայաստանի համար: Իրանի ղեկավարութիւնը պատրաստ է համագործակցել, եւ երբ ծրագրի համար ֆինանսաւորում գտնենք, կ'օգնի Երեւանին իրականացնել այն»,- ասել է վարչապետը:
Նախնական տեղեկութիւններով երկաթուղու շինարարութիւնը գնահատւում է 3,2 մլրդ դոլար, որի 60%-ը պատրաստ է ներդնել «Ռոսիայ Ֆ.Զ.Է.» ընկերութիւնը: Ակնկալւում է, որ երկաթուղու կառուցումը կտեւի 6 տարի:
Փետրուարին Հայաստանի կառավարութեանը ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ շինարարութիւնը հնարաւոր է սկսել 2016-ին եւ աւարտել 2022-ին:
Մի խօսքով, երկաթգծի կառուցումը լուրջ տարածաշրջանային նշանակութիւն ունի:
Այս երկաթգծի շահագործումը Հայաստանի համար կ'ունենայ նաեւ տնտեսական կարեւոր նշանակութիւն, քանի որ Հայաստան-Իրան երկաթգիծը հայկական ապրանքները կարող է հասցնել Չինաստան ու Հնդկաստան: