Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Իսլամական մշակոյթի և հաղորդակցութեան կազմակերպութեան հրաւէրով Իրան այցելած Հայաստանի գիտական ու համալսարանական պատւիրակութիւնը երեքշաբթի օրը «Սաադի» ֆոնդի նստավայրում հանդիպում է ունեցել այդ կենտրոնի ատենապետ՝ դկտ. Ղոլամ Ալի Հադդատ Ադելի եւ միջազգային հարցերի գծով պատասխանատու՝ Սէյեդ Մոհամմադ Ռեզա Դարբանդիի հետ, որտեղ պրն. Ադելը հաստատութեան նպատակները պարզաբանելուց յետոյ նշել է, որ Իրանն ու Հայաստանը շատ հնուց բարի դրացիական յարաբերութիւններ են ունեցել, ինչը մինչ այժմ շարունակւում է մշակութային, գիտական, տնտեսական եւ անվտանգութեան ոլորտներում։
Հադդատ Ադելը անդրադարձել է ութամեայ պարտադրւած պատերազմի տարիներին, ճակատում եւ թիկունքում հայութեան ցուցաբերած զոհողութիւններին ու անձնուրացութեանը։
Նա, ասել է. «Իրանում հայերի գոյութիւնը պատճառ է դարձել, որպէսզի երկու երկրի մշակութային կապերն առաւել քան երբեւէ սերտանան եւ գիտական ու համալսարանական գործակցութեան փայլուն ապագայ կերտւի երկու երկրի ժողովուրդների համար»։
Այցելութեան ընթացքում, պրն. Դարբանդին եւս իր հերթին ողջունելով Հայաստանի 15 ուսանողների ներկայութիւնը՝ գիտութեան զարգացման 81րդ դասընթացներին, ասել է. «Ներկայումս Երեւանի 13 դպրոցներում, երրորդ դասարանից սկսած, պարսկերէն լեզու է դասաւանդւում»։