Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Իրան-Իրաք 8-ամեայ պարտադրեալ պատերազմի տարիներում Իրանում կրօնական փոքրամասնութիւնների դերը արժեւորւեց երէկ առաւօտեան Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով կազմակերպւած միջոցառման ընթացքում:

Իրանի կրօնական փոքրամասնութիւնների գծով հանր. նախագահի յատուկ օգնական հոջ. դոկտ. Ալի Իւնեսիի գրասենեակի նախաձեռնութեամբ կազմակերպւած միջոցառմանը հրաւիրւել էին կրօնական փոքրամասնութիւնների նահատակների ծնողներ, վիրաւորներ եւ ազատորդիներ, ոչ միայն Թեհրանից, այլեւ՝ տարբեր քաղաքներից, ինչպէս Սպահանի հայոց թեմից, որոնք Սպահանի հայոց թեմի համադրութեամբ ժամանել էին Թեհրան:

Իրանի պետական հիմնով մեկնարկած ծրագրի ընթացքում ցուցադրւեց տեսաֆիլմ, որը պատկերում էր Իրանում կրօնական փոքրամասնութիւնների դերը՝ թէ՛ պատերազմի, եւ թէ՛ յետպատերազմեան տարիներին:

Ծրագիրը յագեցած էր արտայայտութիւններով: Արտայայտւեցին՝ Իրանում ասորիների հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչը, զրադաշտականներից նահատակի մայր, «Սաբէին Մանդահի» կոչւող փոքրամասնութեան ներկայացուցիչը, Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները, հրեաներից դոկտ. Մերէ Սեդեղը, զրադաշտականներից դոկտ. Բախտիարին եւ Թեհրանի ու հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

Դոկտ. Խանլարեանը իր ելոյթի սկզբում Սրբազան պաշտպանութեան տարիները համարեց Իրանի ժողովրդի ամենավեհ անձնազոհութեան խորհրդանիշերից մէկը՝ իր երկրի հողային տարածքները պահպանելու համար:

Պատգամաւորը ապա անդրադարձաւ 3-րդ հազարամեակում տարածաշրջանում եւ աշխարհի տարբեր տարածքներում ծայր առած ոճրագործութիւններին, կոտորածներին ու ցեղասպանութիւններին:

Պատգամաւորը կարեւորութեամբ անդրադարձաւ մարդկային պատմութեան ընթացքում իրագործւած եւ անպատիժ մնացած ցեղասպանութիւներին, ինչպէս՝ Հայոց Ցեղասպանութեանը, ԱՄՆ-ի կարմրամորթների, ասորիների, յոյների, պաղեստինցիների, քուրդերի եւ ... դէմ իրագործւած կոտորածներին եւ աւելացրեց. «Պատմական ոճրագործութիւնների անպատիժ մնալը քաղաքա-իրաւական դաշտում ամենաազդեցիկ գործօնն է նոր ոճրագործութիւնների»:

Նա նաեւ կարեւորութեամբ անդրադարձաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին իրանահայութեան անմնացորդ ներդրումներին:

Միջոցառմանը եզրափակիչ խօսքով ելոյթ ունեցաւ հոջ. դոկտ. Ալի Իւնեսին: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանում բոլոր ցեղային ու կրօնական փոքրամասնութիւնների միասնական դերին՝ երկրի տարածքային ամբողջականութիւնը պահպանելու առումով: Նա աւելացրեց, որ բոլորը իրանցիներ են եւ քանի որ բոլորը հաւատում են մէկ Աստծու, ուստի՝ կրօնական տարբերութիւնը, մեզ մօտ չի կարող տարաձայնութեան յանգել: Հոջ. Իւնեսին նշեց, որ բոլորս հպարտանում ենք իրանցի լինելով:

Միջոցառման աւարտին նւէրներ եւ գնահատագրեր յանձնւեցին նահատակների ծնողներին, այդ թւում՝ հայ նահատակների, պատերազմում վիրաւորւածներին եւ ազատորդիներին: