Աւարտելով իմ գործունէութիւնը` որպէս Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպան, այս հիւրընկալ եւ հիասքանչ երկիրը թողնում եմ երախտագիտութեան եւ ափսոսանքի խոր զգացումով:

Այս տարիների ընթացքում աւելի սիրեցի Իրանը եւ նրա մարդկանց, փորձեցի խորութեամբ ճանաչել երկիրը, մեր բարեկամ ժողովրդին եւ նրա մեծ մշակոյթը:

Իմ աշխատանքային տարիները եղել են խիստ յագեցած ու չափազանց հետաքրքիր: Այդ ժամանակաշրջանը եղել է Հայաստան-Իրան յարաբերութիւնների զարգացման կարեւոր շրջափուլ: Այն նաեւ համընկել է մեր երկրի համար վճռորոշ ու նաեւ դրամատիկ իրադարձութիւնների հետ` համավարակ, 2016թ. ապրիլեան եւ 2020թ. 44-օրեայ պատերազմներ, տարածաշրջանային բարդ ու հակասական գործընթացներ:

Ամփոփելով ՀՀ դեսպանութեան վերջին շուրջ եօթ տարիների աշխատանքը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում` երախտագիտութիւն եմ յայտնում իմ սիրելի գործընկերներին, բոլոր նրանց, ում հետ համագործակցելու հնարաւորութիւն է ընձեռնւել:

Շնորհակալութիւն եմ յայտնում ՀՀ դեսպանութիւնում աշխատած դիւանագէտներին եւ բոլոր նախկին դեսպաններին իրենց կատարած մեծ աշխատանքի համար:

Իմ յատուկ երախտիքի խօսքն եմ յղում մեր սիրելի իրանահայ քոյրերին եւ եղբայրներին, ովքեր մշտապէս եղել են Հայաստանի կողքին, ում ջերմ եւ հարազատ վերաբերմունքը զգացել եմ անցած ողջ ժամանակահատւածում:

Յատուկ շնորհակալութիւն եմ ուզում յայտնել սոցիալական ցանցերի մեր հետեւորդներին, լրագրողներին եւ փորձագէտներին, ում մշտական հոգատար եւ ջերմ վերաբերմունքը, ինչպէս նաեւ պահանջկոտ կեցւածքը չափազանց կարեւոր է եղել դեսպանութեան եւ ինձ համար:

Աշխատանքային մեծ յաջողութիւններ եմ մաղթում իմ յարգելի գործընկերոջը` ԻԻՀ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Արսէն Աւագեանին, այդ չափազանց պատասխանատու պաշտօնում:

 

Բարին ընդ ձեզ