Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հանրապետական Թուրքիայի 90-ամեայ պատմութեան ընթացքում առաջին անգամ դատապարտւել է երկրի նախկին նախագահը։
Անկարայի ծանր յանցագործությունների դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել նախկին նախագահ 97-ամեայ Քենան Էւրենին եւ 1980 թւականի զինւած յեղաշրջման մէկ այլ կազմակերպչի՝ ռազմաօդային ուժերի նախկին գլխաւոր հրամանատար 89-ամեայ Թահսին Շահինքային։ Երկուսն էլ պառկած են պաշտօնաթող զինւորականների էլիտար հիւանդանոցում։
Դատարանը զինւած յեղաշրջման համար վճիռ է արձակել միայն այս երկուսի նկատմամբ, քանի որ միւս հրամանատարները ողջ չեն։
Սա հնարաւոր եղաւ միայն Էրդողանի իշխանութեան տարիներին, երբ վերացւեց նախկին նախագահների անձեռնմխելիութիւնը: Էւրենը դեռ մեղադրանքի առաջադրման օրը յայտարարել էր, որ նման վճռի դէպքում ինքնասպան կը լինի։
Քենան Էւրենը, երբ Թուրքիայի գլխաւոր շտաբի պետ էր, գլխաւորել է 1980 թւականի ռազմական յեղաշրջումը։ Երկու տարի անց իշխանութիւնը կրկին քաղաքացիականներին յանձնելով՝ ընտրւել է երկրի նախագահ, պաշտօնավարելով մինչեւ 1989 թւականը։ Էւրենի գլխաւորած զինւած խունտայի տարիներն այդ երկրի պատմութեան ամենաարիւնալի էջերից են։ Մահապատժի է ենթարկւել 50 մարդ: 450-ը տանջահար արւելով` սպանւել է, ձերբակալւել է 178 հազար, բանտարկւել 64 հազար մարդ: Անհետ կորածները հազարաւոր են: