Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Ա.Մ.Ն.-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը կոնգրեսականներին կոչ է արել կողմ քւէարկել «Թուրքիայի քրիստոնէական կառոյցների նկատմամբ պատասխանատւութեան մասին» օրինագծին:

Ինչպէս տեղեկացրել են Ա.Մ.Ն.-ի Հայ Դատի յանձնախմբից, թուրքական կառավարութիւնը հետեւողականօրէն ջանքեր է գործադրում այն արգելափակելու ուղղութեամբ: Էդ Ռոյսի եւ կոնգրեսական Էլիոթ Էնգէլի կրօնական ազատութիւնների մասին օրինագիծը (Ն. Պ. 4347) նպատակ ունի երաշխաւորել Թուրքիայում գտնւող քրիստոնէական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը: Ընդունւելու դէպքում՝ օրինագիծը Օբամայի վարչակազմին կը պարտաւորեցնի ամենամեայ զեկոյց ներկայացնել Թուրքիայում եւ Կիպրոսում թալանւած քրիստոնէական եկեղեցիների եւ ունեցւածքի վիճակի մասին:

«Մենք ցանկանում ենք շնորհակալութիւն յայտնել նախագահ Էդ Ռոյսին եւ Էնգէլին՝ կրօնական օրինագծին աջակցելու համար, եւ ակնկալում ենք, որ պալատը սկզբունքային ու պրակտիկ դիրքորոշում դրսեւորի ներկայ Թուրքիայի եւ գրաւեալ Կիպրոսի քրիստոնեաների սեփական աղօթքի տներում իրենց հաւատն իրականացնելու իրաւունքը պաշտպանելու գործում»,- նշել է Ա.Մ.Ն.-ի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Քէն Խաչիկեանը:

Նախքան Ն. Պ. 4347 օրինագծի լսումները՝ Ներկայացուցիչների պալատում լսումներ տեղի կունենան «Պաշտպանելով քրիստոնէական ժառանգութիւնը Թուրքիայում» թեմայով: Ն. Պ. 4347 օրինագծի լսումներն ու քննարկումները ուղիղ կը հեռարձակւեն Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի կայքով:

«Այս օրինագիծը Թուրքիային պարտաւորեցնում է հաւատարիմ մնալ իր միջազգային պարտաւորութիւններին՝ պաշտպանելու եւ խթանելու մարդու իրաւունքները, ինչպէս նաեւ կոչ է անում ուշադրութիւն դարձնել թուրքական առաջնորդների՝ եկեղեցական ունեցւածքն իրենց օրինական տէրերին վերադարձնելու չկատարած խոստումների վրայ: Տասնամեակներ շարունակ Թուրքիայում գտնւող քրիստոնէական կառոյցների գոյքը, յատկապէս հայկական, ասորական եւ ուղղափառ յունական համայնքներին պատկանող եկեղեցական գոյքը, տարբեր պատճառաբանումներով կամ բռնի վերցւել, կամ ապօրինի բռնագրաււել է Թուրքիայի իշխանութիւնների կողմից»,- օրինագիծը ներկայացնելու ժամանակ նշել էր Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը:

«Թուրքիայի Հանրապետութիւնն ու առհասարակ բոլոր ազգութիւնները պատասխանատւութիւն ունեն՝ պաշտպանելու, վերանորոգելու եւ վերադարձնելու այն կրօնական հաստատութիւնները, որոնք ապօրինաբար պետական մարմինների կողմից խլւել էին համայնքների ու դրանց օրինական տէրերի կողմից: Թուրքիայի հայկական, ասորական եւ ուղղափառ յունական համայնքները երկար տարիների ընթացքում պայքարում են իրենց խլւած գոյքի վերադարձի համար: Այս համայնքների կամքը պէտք է յարգւի»,- ասել էր Էնգէլը:

Հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումը Արեւմտեան Հայաստանում եւ Թուրքիայում կրել է շարունակական բնոյթ եւ իւրօրինակ կապող օղակ է հանդիսանում ինչպէս սուլթանական, երիտթուրքական, այնպէս էլ քեմալական-հանրապետական վարչակարգերի միջեւ, Հայկական Հարցի լուծմանն ուղղւած քաղաքականութեան մշակման գործում: Թուրքիայի Հանրապետութիւնը հիմադրումից ի վեր շարունակում է ոչնչացնել իր տարածքում գտնւող հայկական պատմական յուշարձանները: Հակառակ թուրքական իշխանութիւնների հայկական յուշարձանների վերաբերեալ իրենց հոգատար վերաբերմունքի մասին արած բարձրագոչ յայտարարութիւններին՝ թուրքերը չեն դադարեցնում հայկական յուշարձանների ոչնչացումը կամ թուրքացումը:

Թուրքերի կողմից օկուպացւած Կիպրոսում նոյնպէս քրիստոնէական ժառանգութիւնը լուրջ վտանգի տակ է եւ կարող է իսպառ ոչնչացւել: ԵԱՀԿ-ի հրապարակած զեկոյցի համաձայն, 1974 թւականից ի վեր թուրքերն աւերել են 500 եկեղեցի, ոչնչացրել կամ վաճառել եկեղեցիներում պահւող արժէքաւոր իրերը, սրբապատկերները: Շուրջ 77 եկեղեցիներ վերածւել են մզկիթի, եւս 28 եկեղեցներ վերածւել են ռազմական հոսպիտալի: