Աղբիւր՝ www.yerkir.am
20-րդ դարի թուրք յայտնի բանաստեղծ, փիլիսոփայ եւ լեզւաբան Ռըզա Թեւֆիքը 1926 թ. հանդէս է եկել թուրքական այբուբենը (արաբատառ) հայատառով փոխարինելու առաջարկութեամբ. յայտնում է bolsahays.com կայքը։
Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրումից յետոյ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը նախաձեռնեց լեզւի բարեփոխումները։ Բարեփոխումների նպատակը հասարակ բնակչութեան համար անհասկանալի օսմաներէնը աւելի պարզ թուրքերէնով փոխարինելն էր, որի շրջանակներում էլ պէտք է փոխւէր նաեւ աւելի բարդ արաբատառ այբուբենը։ Նոր այբուբենի քննարկումների ժամանակ էլ թուրք բանաստեղծը հանդէս եկաւ նման առաջարկով։ Մօտ մէկ դար առաջ արւած առաջարկը մինչ օրս քննարկումների առարկայ է Թուրքիայում։
1926 թ. Սաբիհ Շեւքեթին ուղղւած նամակում Թեւֆիքը նշում էր, որ թուրքերէնի համար ամենայարմար այբուբենը հայկականն է, որն արտայայտում է թուրքերէնի բոլոր հնչիւնները։
Կայքը վերջում հարցադրում է անում, թէ Թեւֆիքի այս առաջարկի նպատակն արդեօ՞ք թուրքերէնի համար աւելի յարմար այբուբեն գտնելն էր, թէ պարզապէս արաբերէն այբուբենը պահպանելը (արաբերէնի փոխարէն լատինատառ այբուբենի գործածութեան որոշումը միանշանակ չէր ընդունւել աշխարհիկ, բայց մուսուլման բնակչութիւն ունեցող Թուրքիայում)։
Յիշեցնենք, որ Օսմանեան կայսրութեան վերջին տարիներին Կրթութեան նախարար աշխատած Ռըզա Թեւֆիքը Սեւրի պայմանագիրը ստորագրած թուրք գործիչներից էր, որի հետեւանքով արտաքսւել էր Թուրքիայից։
Ի դէպ՝ 1928-32 թթ. թուրքերէնում տեղի ունեցած լեզւական բարեփոխումների «ճարտարապետը» Յակոբ Մարթաեանն է (Դիլաչար)։