Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ադրբեջանի զինւած ուժերը լայնամասշտաբ զօրավարժութիւններ են սկսել Նախիջեւանում, որին մասնակցում են բոլոր տիպի զօրամիաւորումները` հրթիռային, հրետանային, աւիացիա, հակաօդային պաշտպանութիւն: Դրանք համալրւած են ժամանակակից զինատեսակներով ու զրահատեխնիկայով:

Ինքնին զօրավարժութիւնների անցկացումը որեւէ պետութեան զինւած ուժերի համար արտառոց երեւոյթ չէ: Առաւել եւս` Ադրբեջանի համար, որը տարիներ շարունակ սպառազինւում է, ունի չկարգաւորւած Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ իր հասարակութեանն ակտիւօրէն նախապատրաստում է այդ հակամարտութիւնը ռազմական ճանապարհով կարգաւորելու տարբերակին: Այս իմաստով նման մասշտաբային զօրավարժութիւններն աւելի շատ ներքին եւ արտաքին լասարանին ուղղւած` ուժի ցուցադրութեան ձեւ է, մեթոդ, որից օգտւում է նաեւ հայկական կողմը:

Սակայն այս զօրավարժութիւններն ունեն մի կարեւոր առանձնայատկութիւն` դրանք անցկացւում են Նախիջեւանում, որտեղ տեղակայւած ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն աստիճանաբար վերածւում են համազօրային առանձին բանակի` ոչ միայն պարունակում է բոլոր հիմնական տիպի զօրատեսակները, այլեւ հետեւողականօրէն հագեցւում ամենաժամանակակից սպառազինութեամբ եւ ռազմական յարձակողական տեխնիկայով:

Երեք օր առաջ Բաքւում` կառավարութեան նիստի ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, անդրադառնալով Լ.Ղ.-ի հակամարտութեան կարգաւորմանը, յայտարարել է, որ այսօր աշխարհում որոշիչ է դառնում ուժային գործօնը, որին պէտք է նախապատրաստւել` ռազմական հզօրութիւնը մեծացնելով: Եւ որպէս այդ ուղղութեամբ կատարւած հսկայածաւալ աշխատանքի հիմնական արդիւնք` Ալիեւը վկայակոչել էր հենց Նախիջեւանում տեղակայւած բանակի մարտունակութիւնը: «Վերջերս եղել եմ Նախիջեւանում, եւ այնտեղ ցուցադրւած նոր տեխնիկան վկայում է, որ Նախիջեւանի բանակը տիրապետում է ամենաժամանակակից զինտեխնիկային: Այնտեղ արդէն առկայ են ժամանակակից հրետանային կայանքներ, ռազմական եւ տրանսպորտային ուղղաթիռներ, հակատանկային եւ հակաօդային համակարգեր, ամենաժամանակակից տանկեր` T-72 եւ T-90: Դրանց թիւը պէտք է աւելանայ»,- ասել է նա:

Նախիջեւանի ռազմական պոտենցիալի հզօրացումը եւ դրա ցուցադրութիւնը, իհարկէ, ինքնանպատակ չէ: Հայաստանի համար այս ուղղութիւնն ունի ստրատեգիական նշանակութիւն` հաշւի առնելով մայրաքաղաք Երեւանից սահմանի` ընդամենը մի քանի տասնեակ կիլոմետրով հեռու լինելու, ամենախիտը բնակեցւած Արարատեան դաշտավայրի բնակավայրերին յարակից լինելու հանգամանքը եւ յատկապէս` անցած երկու տարիներին Ռուսաստանից ձեռք բերւած մասսայական ոչնչացման զէնքի առկայութիւնը Նախիջեւանում: Ակնյայտ է, որ սա Հայաստանին եւ միջազգային հանրութեանն ուղղւած շատ յստակ պատգամ է առ այն, որ Ադրբեջանն այս պահին, յատկապէս` ուկրաինական զարգացումների ֆոնին, լրջօրէն դիտարկում է հակամարտութիւնը ռազմական ճանապարհով լուծելու հնարաւորութեան հարցը:

Ուղերձը հնարաւորինս տպաւորիչ դարձնելու համար Բաքուն խաղարկում է երկու գործօն: Նախ` բազմիցս փորձւած` հայկական գիւղերի գնդակոծումը, յատկապէս` հայ-ադրբեջանական հիւսիս-արեւելեան սահմանագծի երկայնքով, ինչպէս նաեւ դիւերսիոն գործողութիւնների կազմակերպումը: Երկրորդ` Հայաստանի համար ամենաանցակնալի եւ խոցելի ուղղութեամբ` Նախիջեւանով երկրորդ ճակատը բացելու, Հայաստանի մայրաքաղաքն ուղիղ նշանառութեան տակ առնելու հնարաւորութիւնը, ինչն արդէն կարող է նշանակել Թուրքիայի ուղղակի ներքաշում հակամարտութեան մէջ: Խնդիրն այն է, որ ինքնավար հանրապետութիւնը գտնւում է ոչ այնքան Ադրբեջանի, որքան Թուրքիայի պրոտեկցիայի ներքոյ, ինչն այս ճակատից հնարաւոր յարձակման դէպքում, պատասխան գործողութիւնների դիմելու առումով, կաշկանդող գործօն է լինելու Երեւանի համար:

Այնտեղ առանձին բանակ ստեղծելու մէջ շահագրգռւած է առաջին հերթին Անկարան: Վերջինս արդէն տեւական ժամանակ փորձում է Նախիջեւանը վերածել իր ռազմական եւ կոմունիկացիոն պլացդարմի: Պատահական չէ, որ ապրիլի 1-ին Թուրքիայի զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելն այցելում է Բաքու, ապա ապրիլի 4-ին աշխատանքային այցով Աբրբեջան մեկնած Թուրքիայի վարչապետ Ռոջեփ Թայիփ Էրդողանը, նաեւ Անկարայի անունից, յայտարարում է, թէ Ղարաբաղեան հարցում իրենք որեւէ զիջման չեն գնալու, իսկ բուն զօրավարժութիւնների անցկացման նախօրէին յայտի է դառնում, որ արդէն մայիսին Նախիջեւան է այցելելու Թուրքիայի պաշտպանութեան նախարար Իսմեթ Յըլմազը:

Այս ամէնը, իհարկէ, առաջին հերթին հոգեբանական եւ դիւանագիտական ճնշման միջոցներ են` տպաւորութիւն թողնելու համար, թէ, օգտւելով Ուկրաինայում առաջացած ճգնաժամից եւ դրանում միջազգային հանրութեան թաղւած լինելու հանգամանքից, Ադրբեջանը կարող է անցնել կտրուկ, անսպասելի գործողութիւնների, որոնց թիրախը ոչ թէ Լ.Ղ.-ն է, ինչպես ենթադրւում էր, այլ հենց Հայաստանը: Թուրքիան, իր հերթին խաղարկելով նախիջեւանեան «նախագիծը», նախ արտայայտում է Ղրիմի հարցում Ռուսաստանի ձեռնարկումների նկատմամբ իր սկզբունքային անհամաձայնութիւնը եւ կարծես զգուշացնում կովկասեան ճակատում իր կողմից նման կերպ պատասխանելու հնարաւորութեան մասին:

Այս ամէնը թողնում է շօշափելի հետեւանք: Թերեւս նկատի ունենալով հայ-ադրբեջանական սահմանագծին ստեղծւած լարւածութիւնը` Ե.Ա.Հ.Կ.-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռանկօ Կրիւոկապիչը Բաքւում յայտարարել է, թէ Ե.Ա.Հ.Կ.-ն աշխատում է, որպէսզի կողմերը հետեւողական լինեն խնդրի կարգաւորմանն ուղղւած սկզբունքների հարցում` իբրեւ այդպիսիք նշելով Լիսաբոնի ու Մադրիդեան սկզբունքները, Մ.Ա.Կ.-ի բանաձեւերը: Լ.Ղ.-ի հարցում շտապողականութիւն հանդէս բերելու անհրաժեշտութիւնը նա պայմանաւորել է հենց ուկրաինական դէպքերով, որոնք, ըստ Կրիւոկապիչի, «ցոյց տւեցին, որ մենք պէտք է լարւած աշխատանք տանենք եւ արագ ժամկէտներում հասնենք որոշակի արդիւնքների»:

Մի կողմից ինքնորոշման իրաւունքը մետրոպոլիաների (պետութիւններ, որոնցից ինքնորոշւում են սուբեկտները) ցանկութեան համատեքստում դիտարկելու մղումը, որը ներկայումս դիտարկւում է Ղրիմի, Շոտլանդիայի, Կատալոնիայի եւ այլ ինքնորոշւող սուբեկտների նկատմամբ, միւս կողմից` Ռուսաստանի ծաւալապաշտական նկրտումները զսպելու ցանկութիւնը միջազգային հանրութեանը կարող են ստիպել նորովի մօտենալ նաեւ Լ.Ղ.-ի հիմնահարցին եւ դրանում ներգրաււած կողմերին մղել կարգաւորմանն ուղղւած արագ որոշումների: Այս պահին սա բխում է յատկապէս Ադրբեջանի շահերից, քանի որ առկայ ստատուս քւոն փոխելու նախադրեալներ է ստեղծում: Ու թերեւս հենց դա է պատճառը, որ այս զօրավարժութեամբ, հրադադարի ռեժիմը խախտելու բացայայտ քայելով Բաքուն անընդհատ յիշեցնում է «սեփական տարածքները» վերադարձնելու իր իրավունքի մասին եւ դրա նկատմամբ համարժէք ընկալում ձեւաւորում միջազգային հանրութեան մօտ:

 
Գէորգ Դարբինեան