Աղբիւր՝ www.asbarez.com

 

Անահիտ Քարտաշեանը Պոլսից տեղեկացնում է, որ ապրիլի 8-ից 12-ը, Պոլսի «Բիլգի» համալսարանում կայացել է միջազգային մի գիտաժողով՝ «Ամէն ինչ չէ որ խաղաղ է Օսմանեան ռազմաճակատի վրայ. Համաշխարհային պատերազմի (1914-1918) անտեսւած էջեր» («Not All Quiet on the Ottoman Fronts: Neglected Perspectives on a Global War, 1914-18)») խորագրով: Գիտաժողովը նւիրւել էր Համաշխարհային Ա պատերազմի 100-ամեակին եւ կազմակերպւել էր Պատմութեան հիմնարկի Պոլսի Արեւելեան հիմնարկի կողմից, աջակցութեամբ մի շարք համալսարանների եւ Անատոլիական ուսումնասիրութիւնների ֆրանսիական հիմնարկի:

Տեղի են ունեցել 20-ից աւելի նիստեր, որոնց ընթացքում ներկայացւել են աւելի քան 70 զեկոյցներ: Գիտաժողովը կենտրոնացել է հիմնական երեք նիւթերի վրայ՝ վերապրել պատերազմ, կազմակերպել պատերազմ եւ խօսել պատերազմի մասին:

Նիստերից մէկը՝ ղեկավարութեամբ «Քլարք» համալսարանի Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութիւնների ամբիոնի վարիչ դկտ. Թաներ Աքչամի, նւիրւած էր Հայկական ցեղասպանութեանը: Բանախօսները քննարկել են ռազմաճակատների վրայ տեղի ունեցած ցեղային զտումների, Ցեղասպանութեան, Գերմանիայի դերակատարութեան եւ գաղութատիրական քաղաքականութեան վերաբերող հարցերը:

Գիտաժողովն անցել է բաւական բուռն քննարկումների մթնոլորտի մէջ եւ նրա ընթացքում ներկայացւել են պատերազմին վերաբերեալ նոր աղբիւրներ, թէզեր ու անուշադրութեան մատնւած տւեալներ: