Աղբիւր՝ www.asbarez.com
Քիւրդիստանի ժողովրդային խորհուրդը (KONGRA-GEL) մի հաղորդագրութիւն հրապարակելով՝ բուռն կերպով դատապարտեց քեսաբահայութեան ահաբեկման արարքը եւ ամբողջական զօրակցութիւն յայտնեց հայ ժողովրդին:
Խորհուրդն իր հաղորդագրութեան մէջ նշում է. «Խորապէս մտահոգ ենք Սիրիայի Քեսաբ շրջանում հայերի դէմ ահաբեկչական յարձակումներով: Միշտ էլ նրանց ցաւը, տառապանքը եւ զգայուն վիճակը բաժնեկցել ենք: Ամբողջական զօրակցութիւն ենք յայտնում հայ ժողովրդին եւ թիրախ դարձած բոլոր համայնքներին, ներառեալ՝ ալաւիներին»:
Քրտական այս մարմինը Թուրքիայի քրդական շրջանի եւ քրդական սփիւռքի գրեթէ բոլոր կազմակերպութիւնները ներառող մի համախմբում է: Խորհուրդը եւ Քրդական համայնքների միութիւնը միլիոնաւոր համակիրներ ունին, տիրում են մի շարք զինեալ թեւերի եւ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում 103 քաղաքապետութիւնների, նաեւ Թուրքիայի խորհրդարանում 36 երեսփոխաններ ունեն: Խորհուրդը նաեւ ազդեցիկ քոյր կազմակերպութիւններ ունի, ինչպէս՝ Սիրիայի քրդական շրջանում Քիւրդ ժողովրդի պաշտպանութեան ուժերը, որոնք իսլամ ծայրայեղական ահաբեկչական կազմակերպութիւնների հետ առօրեայ ճակատման մէջ են:
Խորհուրդն ընգծում է, որ մինչեւ օրս շրջանի ժողովուրդների միջեւ որեւէ բռնարարքներ տեղի չէին ունեցել, եւ որ «վերջերս տեղի ունեցած յարձակումները գործւած են օտար ահաբեկչական տարրերի կողմից, որոնք թրքական իշխանութիւնների կենսական աջակցութիւնից են օգտւում»:
Այս առումով՝ Քեսաբը, որ Հայոց ցեղասպանութիւնից առաջ եւ յետոյ հայերով բնակւած էր, խորհրդանիշն է հայերի բռնագաղթի եւ ջարդերի ողբերգական պատմութեան եւ՝ «տակաւին պահպանում է ցաւ պատճառող յիշատակների այժմէականութիւնը»,- նշում է յայտարարութիւնը եւ աւելացնում. «Քեսաբում տեղի ունեցած յարձակումները, որոնք կրում են «Անֆալ արշաւ» անունը, ծառայում են ոչ-իսլամ բնակչութեան մաքրագործման գործին: Նոյն «Անֆալ» եզրն ու նոյն ձեւը Սադդամ Հոսէյնի կողմից օգտագործւեց այսօրւայ Դաշնակցային Քիւրդիստանի (Իրաք) քիւրդ բնակչութեան դէմ: Ըստ Քրդական շրջանային կառավարութեան՝ 182 հազար քաղաքայիններ զոհ գնացին այդ արշաւին»: