Աղբիւր՝ www.asbarez.com

 

Ռուսական «Իթար-Թասս» լրատու գործակալութիւնը հաղորդում է, որ Մ.Ա.Կ.-ում Ռուսիայի մնայուն ներկայացուցչութիւնը յայտնել է, թէ Մ.Ա.Կ.-ի Ապահովութեան խորհրդում, արեւմտեան երկրները չեն արտօնել Ռուսիայի առաջադրած՝ Սիրիայի Քեսաբ աւանում զինեալների գործողութիւնների եւ Լաթաքիա նաւահանգստի ռմբակոծման դատապարտումը՝ աւելացնելով, թէ այս գործողութիւններն ստիպել են դադրեցնել քիմիական զէնքի դուրս բերումը երկրից:

«Քեսաբում զինեալների գործողութիւնների եւ Լաթաքիայի ռմբակոծման վերաբերեալ մեր առաջարկները՝ Ապահովութեան խորհրդում արեւմտեան գործընկերների կողմից աջակցութիւն չեն ստացել»,- յայտնել են ռուսական ներկայացուցչութիւնից:

Ռուսիայի պատրաստած նախագծում դատապարտւում են «սիրիահայերով բնակւած Քեսաբ աւանի դէմ սիրիական ընդդիմադիր խմբաւորումների (որոնց շարքին են «Քայիտա»-ի հետ կապ ունեցող խմբաւորումներ) վերջին յարձակումները:

Մ.Ա.Կ.-ում Ռուսիայի մնայուն ներկայացուցիչ Վիթալի Չուրքինը յոյս է յայտնել, որ կարելի կը լինի համաձայնութիւն գոյացնել իրենց փաստաթղթի շուրջ, որ Ապահովութեան խորհրդի պաշտօնական մի փաստաթուղթ չի նկատւում: «Բարեբախտաբար, սարսափելի տեսաերիզներն այն մասին, թէ եղել են հայերի զանգւածային սպանութիւններ, չեն հաստատւել»,- աւելացրել էր Չուրքինը: Ըստ նրա՝ Քեսաբում տեղի ունեցող գործողութիւններն անպայման կը քննարկւեն Սիրիայում մարդասիրական իրավիճակի վերաբերեալ Ապահովութեան խորհրդի հանդիպման ընթացքում, որ կը կայանայ ապրիլի 30-ին: «Մենք դա պահում ենք մեր ուշադրութեան կենտրոնը, սակայն տակաւին այդ մասին առանձին քննարկում չի նախատեսւում»,- ասել էր դիւանագէտը: