Աղբիւր՝ www.akunq.net
Ալ-Նուսրա զինւած խմբավորման զինեալները մարտի 21-ին յարձակւեցին Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից սիրիական Քեսաբ հայաբնակ գիւղաքաղաքի վրայ: Այս իրադարձութեանն անդրադարձած թուրքական ընդդիմադիր «Թարաֆ» թերթի սիւնակագիր Ջենգիզ Աքթարը շեշտում է, որ Սիրիա ներթափանցած վերոնշեալ զինւած խմբաւորումը, ըստ խոսակցութիւնների, թիկունքից Թուրքիայի աջակցութիւնն է ստանում: Պաշտօնական Անկարան արտգործնախարարութեան գրաւոր յայտարարութեամբ շտապեց պաշտօնապես հերքել Թուրքիայի կողմից ջիհադական գրոհայիններին աջակցելու մասին լուրերը:
«Մարտի 23-ին թուրքական օդուժը կործանեց Քեսաբի օդային տարածքում Ալ-Նուսրայի գրոհայինների դէմ պայքարող սիրիական օդուժի մարտական ինքնաթիռը»,- նշում է Աքթարը եւ յաւելում, որ թուրքական իշխանութիւններն աղմուկ բարձրացրին, թէ օդային սահմանի խախտում է տեղի ունեցել, դրա համար էլ հարւած են հասցրել սիրիական ինքնաթիռին:
Դարձեալ հարւածի տակ յայտնւեց քեսաբահայութեան կեանքի ու գոյքի անվտանգութիւնը: Յօդւածագիրը յիշեցնում է, որ ցեղասպանութիւն վերապրած եւ ժամանակին Քեսաբում ապաստանած հայերը 1939 թւականին, երբ Թուրքիան անեքսիայի ենթարկեց Քեսաբը, արտագաղթելով մի կերպ փրկւեցին, բայց ունեցւածքի մեծ մասը թողեցին թուրքերին:
«Ու հիմա էլ,- գրում է թուրք հեղինակը,- Քեսաբի հայերը զանգւածաբար լքում են գիւղաքաղաքը եւ ապաստանում Լաթաքիայում: Աշխարհասփիւռ հայերը քեսաբահայերին պատուհասած աղէտը եւ կործանւած սիրիական ինքնաթիռը դիտում են որպէս 1915 թւականի (Հայոց ցեղասպանութեան-Ակունքի խմբ.) շարունակութիւն»: