Աղբիւր՝ www.yerakouyn.com
Ուրբաթ՝ մարտի 28-ին տրւած մամլոյ ասուլիսի ընթացքում, Միացեալ նահանգների Արտաքին գործոց նախարարութեան բանբեր Մերի Հարֆը յայտարարել է, թէ Վաշինկթոնը խորապէս մտահոգ է իր տներից հեռանալու պարտադրւած Քեսաբի հայութեան կացութեամբ՝ կոչ անելով պաշտպանելու յատկապէս բոլոր քաղաքացիներն ու նրանց սրբավայրերը: Այս մասին յայտնում է Ա.Մ.Ն.-ի «Ասպարէզ» օրաթերթը:
«Ինչպէս յաճախ կրկնել ենք, Սիրիայի տագնապի ընթացքում քրիստոնեաների եւ այլ փոքրամասնութիւնների դէմ սպառնալիքները դատապարտում ենք: Այդ հարցը քննւեց նաեւ նախագահ Օբամայի եւ Ֆրանսիս Պապի միջեւ հանդիպման ընթացքում: Քեսաբում կռւող որոշ կողմեր յայտարարում են, թէ քաղաքացիները թիրախ չեն դարձնելու եւ յարգելու են փոքրամասնութիւնների իրաւունքներն ու նրանց սրբատեղիները: Յոյս ունենք, որ նրանք կը յարգեն այս խոստումները: Միացեալ նահանգների իշխանութիւնները շարունակելու են նեցուկ կանգնել Սիրիայի եւ ամբողջ շրջանի մէջ բռնարարքներից վնասւած կողմերին, ներառեալ՝ սիրիացիներին եւ հայերին: Երկար ժամանակից ի վեր մտահոգ էինք վայրագ ծայրայեղականների սպառնալիքներով, եւ Սիրիայի հայ համայնքի դիմագրաւած այս վերջին սպառնալիքը գալիս է հաստատելու մեր մտահոգութիւնը»,- աւելացրել է նա: