Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ռուսաստանի Ա.Գ.Ն.-ն մեկնաբանել է հայաբնակ Քեսաբի հետ կապւած իրավիճակը:

«Վերջին օրերին իրավիճակը Սիրիայում բնութագրւում է կառավարական ուժերի ու անօրինական զինւած խմբաւորումների միջեւ հակամարտութեան կտրուկ սրմամբ»,- ասւում է Ռուսաստանի Ա.Գ.Ն. տեղեկատւութեան վարչութեան մեկնաբանութեան մէջ:

Ինչպէս նշում է աղբիւրը, հիմնական բախումները տեղի են ունենում Սիրիայի հիւսիս-արեւմուտքում: Մարտի 21-ին «Ալ Քաիդա»-ի հետ կապիած ծայրահեղական խմբաիորումները յարձակւել են Թուրքիային սահմանամերձ` հայաբնակ Քեսաբի վրայ: Զգուշանալով ահաբեկիչների ոտնձգութիւններից՝ Քեսաբի, Սամրայի եւ մօտակայ բնակավայերի հայ բնակչութիւնը պատսպարւել է Լաթաքիայում:

Նշւում է նաեւ, որ սիրիացի զինւորականները գրոհայիններից հետ են վերցրել ռազմավարական կարեւորութեան դիրքերը եւ մտադիր են մօտ ժամանակներս վերականգնել վերահսկողութիւնը Քեսաբի սահմանային անցակէտի նկատմամբ:

«Քեսաբի գրաւումը խիստ քննադատութեան է արժանացել ողջ աշխարհի հայութեան կողմից: Երեւանում Մ.Ա.Կ.-ի ներկայացուցչութեան շէնքի մօտ բողոքի ցոյց է տեղի ունեցել»,- նշւում է Ա.Գ.Ն.-ի յայտարարութիւնում:

«Ռ.Դ. Ա.Գ.Ն.-ն վճռականօրէն քննադատում է ահաբեկչական եւ այլ բնոյթի յանցանքները խաղաղ բնակչութեան հանդէպ, ինչպէս նաեւ գրոհայինների կողմից սիրիական քաղաքների ու բնակավայրերի գնդակոծութիւնները: Այնպիսի տպաւորութիւն է, որ գրոհայինների ակտիւացման նպատակն է` թոյլ չտալ միջ-սիրիական բանակցութիւնները, խափանել քիմիական զէնքի չէզոքացումը, ինչն անթոյլատրելի է: Ռուսաստանը պատրաստ է համագործակցել գործընկերների հետ` Սիրիայում ներքին արիւնահեղ հակամարտութեան դադարեցման համար 2012-ի յունիսի 30-ի Ժնեւի կոմիւնիկէի իրականացման հիման վրայ»,- ասւում է մեկնաբանութիւնում: