Աղբիւր՝ www.asbarez.com

 

ԵՊՀ-ում մեկնարկել է «Հայ-վրացական գիտական ու մշակութային կապերն ու տարածաշրջանային խնդիրները» թեմայով եռօրեայ գիտաժողովը: Երեւանի Պետական համալսարանը հիւրընկալել է վրացի անւանի գիտնականներից կազմւած ներկայացուցչական պատւիրակութեանը՝ Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Վլադիմիր Պապաւայի գլխաւորութեամբ: Երկու համալսարանների ռեկտորները խօսել են յետագայ ծրագրերի եւ համագործակցութեան մասին: Հարեւան երկրների մայր բուհերի բարեկամութիւնն է՛լ աւելի ընդգծելու նպատակով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանն ու Վլադիմիր Պապաւան ստորագրել են համագործակցութեան յուշագիր:

Դեռեւս Խորհրդային Միութեան տարիներին հայ-վրացական կապերն այնքան ամուր եւ խորն են եղել, որ ժամանակն է դրանք ոչ միայն վերականգնելու, այլեւ էլ աւելի ամրապնդելու, «Ռադիօլուրի» հետ զրոյցում ասում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանը: Այդ կապերի ամրապնդմանն ուղղւած միջոցառումներից մէկն էլ այսօր մեկնարկած «Հայ-վրացական գիտական ու մշակութային կապերն ու տարածաշրջանային խնդիրները» թեմայով եռօրեայ գիտաժողովն է, որը միտւած է երկու հարեւան երկրների կրթական կապերի վերականգնմանն ու փորձի փոխանակմանը:

Այսօրւայ երիտասարդները չունեն այն կապը, որը կար դեռեւս ԽՍՀՄ տարիներին: Նրանք ոչ միայն չեն հասկանում, այլեւ չեն ճանաչում միմեանց: Դա է պատճառը, որ Արամ Սիմոնեանը անչափ կարեւորում է երկար սպասւած այս գիտաժողովը:

Իր հերթին կարեւորելով կրթական կապերի վերականգնումն ու ամրապնդումը՝ Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Վլադիմիր Պապաւան նկատեց, որ համագործակցութեան անհրաժեշտութիւնը բխում է նաեւ երկու երկրների տնտեսական եւ մշակութային նմանութիւններից: Նա կարծում է, որ ոչ միայն տնտեսական ուղիները, այլեւ երկու երկրներում առկայ խնդիրներն ու ձեռքբերումներն են շատ նման: «Ընդամենը մի քանի օր առաջ Վրաստանի կառավարութիւնը շատ կարեւոր մի որոշում ընդունեց, որով հայագիտութիւնն ամբողջովին ֆինանսաւորւելու է պետութեան կողմից: Մինչեւ հիմա հայագիտութիւնը ֆինասաւորւում էր բացառապէս դրամաշնորհներով: Սա նաեւ ռազմավարական մեծ նշանակութիւն ունի ոչ միայն մեր համալսարանի, այլեւ պետութեան համար»,- ասում է ռեկտոր Պապաւան:

Հարեւան երկրների մայր բուհերի բարեկամութիւնն էլ աւելի ընդգծելու նպատակով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանն ու Վլադիմիր Պապաւան ստորագրեցին համագործակցութեան յուշագիր, որպէսզի այն չմնայ միայն թղթի վրայ: Ռեկտորները խոստացան դա իրականացնել կոնկրետ գործողութիւններով եւ գործնական լուրջ քայլերով: